Գնդակոծվել է Բերդ - Իջևան ճանապարհը, մեկ զինվոր զոհվել է, երեքը՝ վիրավորվել

Այսօր ժամը 13-14-ի սահմաններում Հայաստանի Տավուշի մարզում՝ Բերդ - Իջևան ավտոճանապարհի Պառավաքարի հատվածում հակառակորդը կրակ է բացել ավտոճանապարհով ընթացող մեքենաների վրա, կրակահերթից տուժել են ինչպես քաղաքացիական, այնպես էլ զինվորական մեքենաներում եղած անձինք, փոխանցում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Նույն աղբյուրի փոխանցմամբ՝ զինծառայողներին մարտական հերթապահության տեղափոխող զինվորական մեքենաների շարասյան վրա բացված կրակի հետևանքով զոհվել է 19-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Գարիկ Պողոսյանը, հրազենային տարբեր աստիճանի վիրավորումներ են ստացել նրա հասակակից ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Արթուր Անդրանիկյանը, Արայիկ Ժամհարյանը և Մարտին Պետրոսյանը:

Դեպքի մասին համապատասխան իրազեկում կատարվել է ԵԱՀԿ-ի հատուկ ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի գրասենյակին:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ «հակառակորդի այս հանցավոր քայլը անպատասխան չի մնա և հերթական անգամ այս սադրանքի պատասխանատվությունը կմնա սանձազերծողի վրա»:

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր խորին ցավակցությունն է հայտնում շարքային Գարիկ Արտակի Պողոսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին», - ասված է հաղորդագրությունում: