Ակտիվիստների նստացույցը կարող է վերաճել «ակտիվ գործողությունների»

Քաղաքապետարանի մոտ արդեն 90 օր նստացույց անող ակտիվիստները պատրաստվում են դադարեցնել նստացույցն ու անցնել «ավելի սուր և ակտիվ գործողությունների», եթե 7-օրյա ժամկետում պաշտոնանկ չարվեն Երևանի քաղաքապետարանի տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանն ու «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանը։

«Իրավունքի գերակայության սկզբունքի շրջանակներում անելու ենք ցանկացած գործողություն, որը կստիպի լուծել խնդիրն ի շահ հանրությանը», - ասացին ակտիվիստները։

Նրանք նշում են, որ այլևս Քաղաքապետարանի հետ կլոր սեղանի շուրջ նստելու և հարցեր քննարկելու ցանկություն չունեն։ Պատճառաբանում են, որ այնտեղ աշխատում են կոռումպացված և էթիկայի նորմերը խախտած պաշտոնյաներ։ Նրանց խոսքով, ստեղծված իրավիճակից ելքեր գտնելու համար քաղաքապետարանին ու ավագանուն տված բոլոր ողջամիտ ժամկետներն արդեն սպառվել են։

«Պաշտոնյաները, որոնք սպառել են հանրության կողմից իրենց և ՏԻՄ-ի հանդեպ հարգանքի և վստահության վերջին չափաբաժինը, դրսևորել են համայնքային պաշտոնյային ոչ հարիր, քրեական տարրերին բնորոշ վարքագիծ՝ ակնհայտ մարտահրավեր նետելով հանրությանը։ Կասկածից վեր է, որ վերոնշյալ երկու պաշտոնյաները պաշտոնանկ չեն արվում միայն մի պատճառով՝ հանդիսանում են երկրում իշխանությունը յուրացրած վարչախմբի կողմից ստեղծված հարստահարիչ համակարգի օղակներ, և նրանց պաշտոնանկությունը կնվազեցնի այդ համակարգի աշխատանքի արդյունավետությունը», - իրենց հաղորդագրությունում նշում են «Վճարում ենք 100 դրամ» նախաձեռնության անդամները։

Վերջերս Երևանի քաղաքապետի ձևավորած հանձնաժողովի մասնագետները ներկայացրել էին Երևանում ուղևորափոխադրումների ծախսերի իրենց հաշվարկները։ Տրանսպորտի սակագնով հետաքրքրված հասարարակական կազմակերպությունները, վերլուծելով այդ հաշվարկները, փաստել էին, որ ուղեվարձը գերազանցելու է 150 դրամը։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ինչպես կմեկնաբանեն հանձնաժողովի ներկայացրած հաշվարկները, բանախոսները պատասխանեցին. - «Բնականաբար դա միտված է գծատերերի հարստացմանը ի շահ ՀՀԿ անդամների, ովքեր տնօրինում են տրանսպորտի ռեսուրսը։ Իսկ հանձնաժողովի աշխատանքների հետ կապված մեզանից որևէ մեկը պատրանք չուներ՝ նույն գծատերերն են, նույն վարչախումբը, նույն քաղաքապետարանն ու նույն պաշտոնյաները, իսկ հանձնաժողովը միտված էր հենց ավելի «համոզիչ» հիմնավորումներ ներկայացնել բարձրացնելու վերաբերյալ։ Ու պատրանք ունենալ, թե որևէ այլ կերպ կլիներ, այդպես չէ»։

Ակտիվիստները վստահեցնում են, որ այս երկու պաշտոնյաների պաշտոնանկությամբ չեն բավարարվելու և պայքարը շարունակելու են, քանի որ տրանսպորտի ոլորտը բարեփոխելու ցանկություն ունեն։

Նստացույցի մասնակիցները կոչ են անում քաղաքացիներին՝ միանալ ու մշակել պայքարի համատեղ ծրագիր. - «Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին, քաղաքացիական նախաձեռնություններին և քաղաքական միավորներին, որոնք կարևորում են երկրում պատասխանատվության ինստիտուտի կայացումը, անօրենության, պատժելիության մթնոլորտի վերացումը, տրասպորտի ոլորտի համակարգային փոփոխությունների անհրաժեշտությունը, միանալ այս հայտարարությանը և միասնական օրակարգ ձեւավորելով՝ հետամուտ լինել վերոնշյալ խնդիրների լուծմանը»։