Ոստիկանապետ․ «Քաղաքացիական հասարակությունը հրաշալի գիտի իր իրավունքները»

ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկս, արխիվ

Հայաստանում քաղաքացիական ակտիվիստների հետ տեղի ունեցած միջադեպերի և կանանց դեմ բռնությունների գործերով քննության ընթացքին է անդրադարձել Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիեկսը Ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանի հետ հանդիպմանը:

Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության փոխանցմամբ՝ երեկ կայացած հանդիպման ժամանակ Վլադիմիր Գասպարյանը նշել է, որ հիշյալ դեպքերից չորսն արդեն բացահայտված են, ինչի մասին հանրությունը պատշաճ կերպով իրազեկվել է, և հավաստել, որ մյուս դեպքերը նույնպես կբացահայտվեն: Ոստիկանապետը հավելել է, թե քիչ չեն դեպքերը, երբ ինչ-ինչ կազմակերպություններ կամ անհատներ ահազանգում են սպառնալիքների մասին, իրենք էլ գիտենալով, որ դրանք իրական չեն:

Գասպարյանը նշել է, որ քաղաքացիական հասարակությունն այսօր հրաշալի գիտի իր իրավունքները, և ոստիկանները պարզապես չեն կարող կամայականություններ թույլ տալ, առավել ևս՝ Ոստիկանության ղեկավարությունը հետևողական է նման դեպքերը բացառելու հարցում, իսկ բարեփոխումներն ուղղված են իրավիճակի արմատական փոփոխությանը: