Ցավակցական հեռագիր Ֆիլիպինների նախագահին

Ֆիլիպիններ - Որոնողա-փրկարարական աշխատանքները երկրաշարժից հետո, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Ֆիլիպինների նախագահ Բենինո Աքինոյին՝ այդ երկիրը պատուհասած երկրաշարժի կապակցությամբ, որը հարյուրավոր անմեղ զոհերի և վիրավորների, հսկայածավալ ավերածությունների պատճառ է դարձել:

«Կիսելով Ձեր և Ֆիլիպինների ժողովրդի վիշտն ու ցավը` բոլոր զոհվածների հարազատներին մաղթում եմ ոգու արիություն, իսկ վիրավորներին` շուտափույթ ապաքինում»,- Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է հեռագրում։

Վերջին տվյալներով՝ Ֆիլիպիններում երեքշաբթի օրը տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է առնվազն 171 մարդ, ևս շուրջ երկու տասնյակ մարդիկ անհետ կորած են: