Մայր Աթոռում սկսվել է եկեղեցի - պետություն հարցերով գիտաժողովը

Լուսանկարը՝ Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի

Գարեգին երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի օրհնությամբ այսօր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում աշխատանքն է սկսել «Եկեղեցի և պետություն փոխհարաբերություններ. հրամայականներ և մարտահրավերներ» թեմայով երկօրյա միջազգային գիտաժողովը:

Գիտաժողովը կազմակերպվել է Մայր Աթոռի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի նախաձեռնությամբ և աջակցությամբ Եկեղեցիների համաշխարհային խորհրդի Հայաստանյան Կլոր սեղան բարեգործական միջեկեղեցական հիմնադրամի և Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան: Իրենց մասնակցությունն են բերում Մայր Աթոռի միաբաններ, քույր եկեղեցիների հոգևորականներ, Հայաստանի պետական կառույցների, Հայաստանի և եվրոպական համալսարանների, միջազգային քրիստոնեական և հասարակական կազմակերպությունների, Հայաստանի տարբեր կրոնական հարանվանությունների ներկայացուցիչներ, Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետներ:

Գիտաժողովի բացման հանդիսավոր արարողությանը մասնակիցներին ողջունել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միջեկեղեցական հարաբերությունների բաժնի տնօրեն, Արթիկի թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի ողջույնի խոսքն է փոխանցել խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը:

Այնուհետև ողջույնի խոսքով է հանդես եկել Եվրոպական եկեղեցիների կոնֆերանսի գլխավոր քարտուղար դոկտոր Գի Լիագրան` ընդգծելով այն բացառիկ դերակատարությունը, որ ունի Հայ եկեղեցին էկումենիկ միջեկեղեցական կառույցների աշխատանքներում: «Հանդիպումն այստեղ կարևոր նշանակություն ունի: Նայելով պատմությանը` տեսնում ենք, որ Հայաստանը այն երկրներից է, որ մեծագույն գինն է վճարել մեր ընդհանուր արժեքների պաշտպանության համար, ինչը եղել է մասամբ իր աշխարհաքաղաքական դիրքի պատճառով: Հետևաբար, ձեր գոյությունը ապացույցն է նրա, որ նվիրյալ քրիստոնեական հասարակությունը կարող է հաղթահարել ցանկացած մարտահրավեր», - Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի փոխանցմամբ՝ ասել է, մասնավորապես, Գի Լիագրան: