Հայաստանը ՆԱՏՕ-ի հետ իրականացվող որևէ ծրագիր չի կասեցնի

Կորյուն Նահապետյան

Չնայած Մաքսային միությանը միանալու` նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, Հայաստանը մտադիր չէ ՆԱՏՕ-ի հետ համագործակցության ծրագրի որևէ միջոցառում սառեցնել, հետաձգել կամ կասեցնել:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսին նման հայտարարություն արեց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը:

Նահապետյանը, ով նաև Ազգային ժողովի Պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահն է, ընդգծեց, որ այսօր Երևանի գործընկերային փոխհարաբերությունները Հյուսիսատլանտյան դաշինքի հետ խորանում են:

«Այս պահի դրությամբ գործում է անհատական գործընկերության գործողությունների ծրագիր 2011-13 թվականների համար, և այդ ծրագրով նախատեսված որևէ միջացառում սառեցնելու, կասեցնելու, դադարեցնելու նպատակադրում մենք չունենք։ Եվ ՆԱՏՕ-ի տարբեր պաշտոնյաների հետ հանդիպման ժամանակ ես չեմ լսել նման հարցադրում, որ իրենց կողմից նման խնդիր առաջ քաշվի՝ կասեցնելու որևէ գործողություն»,- հայտարարեց Նահապետյանը։

«Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի բոլոր ուղղություններով այսօր համագործակցում ենք ՆԱՏՕ-ի հետ, և կարևորագույն ուղղություններից մեկը միջազգային խաղաղապահ առաքելություններին Հայաստանի մասնակցությունն է»,- շարունակեց Կորյուն Նահապետյանը.- «Այդ իմաստով մեր հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ էլ ավելի խորանում են։ Մենք մեծ վստահություն ունենք մեր գործընկերների մոտ, և դա փաստել ենք մեր գործողություններով, մեր քայլերով»։

Բանախոսը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 11-14-ը Խորվաթիայի Դուբրովնիկ քաղաքում կայացած ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել գալիք տարի Երևանում անցկացնել վեհաժողովի քաղաքական հանձնաժողովի նիստը, որը տեղի կունենա դաշինքի հերթական գագաթնաժողովի նախօրեին, և որը, ըստ Նահապետյանի, կնպաստի քաղաքական օրակարգի ձևավորմանը Հայաստանի ու ՆԱՏՕ-ի միջև:

Կորյուն Նահապետյանը նշեց, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական համաժողովում հատուկ քննարկման առարկա չի եղել Մաքսային միությանը միանալու Հայաստանի նախագահի հայտնի հայտարարությունը, թեև առանձին խորհրդարանականների հետ հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչները քննարկել են հարցը:

«Մենք բացատրել ենք մեր դիրքորոշումը, և որևէ մտահոգություն չեմ տեսել այլ երկրների խորհրդարանականների մոտ այս առնչությամբ՝ այն իմաստով, որ դա հակասելու է ՆԱՏՕ-ի հետ մեր գործընկերային հարաբերությունների զարգացմանը։ Հայաստանի անվտանգության համակարգի կարևորագույն բաղադրիչը մեր անդամակցությունն է ՀԱՊԿ-ին, և դա որևէ կերպ չի բացառում կամ չի նսեմացնում մեր գործընկերային հարաբերությունների խորացումը ՆԱՏՕ-ի հետ։ Այնպես որ թե ՀԱՊԿ-ի շրջանակներում մեր իրականացրած գործունությունը, և թե նաև հնարավոր անդամակցությունը Մաքսային միությանը չպետք է վնասեն մեր հարաբերությունների զարգացմանը ՆԱՏՕ-ի հետ», - ասաց Նահապետյանը։