Նախագահն ընդունել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրային:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ զրուցակիցները գոհունակությամբ են արձանագրել, որ Դաշինքի հետ քաղաքական երկխոսությունը կրում է շարունակական բնույթ:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը բարձր է գնահատել Հայաստանի մասնակցությունը Կոսովոյում և Աֆղանստանում ՆԱՏՕ-ի միջազգային խաղաղապահ գործողություններին:

Սերժ Սարգսյանը և Ջեյմս Ապատուրան համակարծիք են եղել, որ հարաբերությունների այս մակարդակը վկայում է Դաշինքի հետ Հայաստանի սերտ փոխգործակցության արդյունքում ձևավորված խորը և ընդգրկուն օրակարգի մասին, ինչը, նրանց համոզմամբ, էապես օգնում է Հայաստանի պաշտպանության և անվտանգության համակարգի կատարելագործմանն ու արդիականացմանը: