Չեխիան «բարդ» է որակում Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը

Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշ

Արևելյան գործընկերության ծրագիրը նախաձեռնած երկրներից մեկի՝ Չեխիայի արտգործնախարարության հատուկ դեսպանորդ Պետր Մարեշը այսօր «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում «բարդ» որակեց Հայաստանի շուրջ ստեղծված իրավիճակը՝ կասկած հայտնելով, որ պաշտոնական Երևանին կհաջողվի նոյեմբերին թեկուզ որևէ հռչակագիր ստորագրել Վիլնյուսում:
«Ես վստահ չեմ՝ կլինի արդյոք Հայաստանի մասով առանձին փաստաթուղթ, դրա համար աշխատել է պետք, մեզ ժամանակ է անհրաժեշտ: Ավելի շուտ ես ակնկալում եմ, որ Վիլնյուսի գագաթաժողովից հետո ինչ-որ փաստաթուղթ կհայտնվի սեղանին: Ինքներդ էլ հասկանում եք՝ իրավիճակը բարդ է: Առաջին անգամն է, որ մենք փնտրում ենք մի հարցի պատասխան․ ի՞նչ անել, երբ մի պետություն որոշում է Մաքսային միություն մտնել՝ միաժամանակ արդեն պատրաստ լինելով ստորագրել Ասոցիացման համաձայնագիրը», - մանրամասնեց Մարեշը:

Միևնույն ժամանակ, Արևելյան գործընկերության հարցերով դեսպանորդը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները ամեն կերպ փորձում են առարկայական մասնակցություն ունենալ Վիլնյուսի գագաթաժողովին: Հիշեցնենք՝ նախօրեին Լիտվայի պաշտոնական աղբյուրները հաղորդեցին, որ Հայաստանը Վիլնյուսում ներկայացնելու է նախագահ Սերժ Սարգսյանը:

«Շատ կարևոր է, որ նա մասնակցելու է այդ գագաթաժողովին, որովհետև պետք է ցույց տալ, որ Հայաստանը ցանկանում է շարունակել Եվրամիության հետ համագործակցությունը ինչ-որ իմաստով: Մեր կողմից էլ՝ կա այդ շահագրգռվածությունը, բայց թե ի՞նչ կբերի Վիլնյուս Հայաստանի նախագահը, մենք չգիտենք, այդ հարցը ես կարող էի Ձեզ ուղղել»,- հայտարարեց Պետր Մարեշը:

Չեխ դիվանագետի համոզմամբ, ռազմավարական դաշնակցությունը Ռուսաստանի հետ իսկապես կարող էր էական ազդեցություն ունենալ, որպեսզի Հայաստանը այսքան կտրուկ փոխեր արտաքին քաղաքական գիծը:

«Անձամբ ինձ թվում է, որ դա կախված է անվտանգության հարցերի հետ: Այստեղ ավանդույթ կա՝ այս ոլորտում հենվել Ռուսաստանի հետ համագործակցության վրա, և Եվրամիության համար շատ բարդ է դիրքորոշում հայտնել: Դա պետք է հայերը որոշեն», - նշեց Պետր Մարեշը:

Պատասխանելով Մոսկվայի կողմից բանեցվող ճնշումների մասին հարցին, չեխ դիվանագետը արձագանքեց, թե որևէ մեկը չի կասկածում, որ այդպիսիք եղել են․- «Բայց թե ի՞նչ աստիճանի ճնշումների մասին է խոսքը, հարցրեք նախագահին»:

Պետեր Մարեշը այսօր Երևանում մասնակցում էր Արևելյան գործընկերության չորս տարիներն ամփոփող խորհրդաժողովին, իր ելույթում դեսպանորդը շեշտում էր, որ չի կարելի ձևացնել, թե ոչինչ չի պատահել: Ասաց՝ ժամանակին, երբ պատրաստվում էր այս ելույթին, մտադիր էր խոսել, թե ինչպես հաջողվեց Հայաստանին այսքան արագ հասնել Ասոցիացման համաձայնագրի նախաստորագրմանը, իսկ հիմա ստիպված է գրեթե ամեն օր Բրյուսելում մասնակցել Հայաստանի հարցով արտահերթ քննարկումների: Քննարկմանը հրավիրված Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հույս հայտնեց, թե առաջիկայում իրականություն չի դառնա այն չար կատակը, որ իր գլխավոր եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողովը վերանվանվելու է Եվրասիական ինտեգրացիայի խորհրդարանական հանձնաժողով: Մեզ հետ զրույցում ոչ իշխանական խմբակցության պատգամավորը համոզմունք հայտնեց, որ Սերժ Սարգսյանը մեկնելու է Վիլնյուս՝ ինչ որ փաստաթուղթ ստորագրելու․ - «Իհարկե, դա չի լինելու 4 տարի բանակցված փաստաթուղթը, բայց ես կարծում եմ, որ Եվրամիությունը ևս շահագրգիռ է երկխոսության դուռը վերջնականապես չփակելու համար: Ես կարծում եմ, որ ինչ-որ մի փաստաթուղթ, թեկուզ քաղաքական դեկլարացիայի մակարդակով, Վիլնյուսում կստորագրվի»:

Հայաստանյան քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները այսօրվա քննարկմանը սուր քննադատում էին Հայաստանի իշխանություններին, թե միանձնյա որոշում է կայացվել, հաշվի չեն նստել հասարակության կարծիքի հետ: Իշխող Հանրապետական կուսակցությունը համաժողովին ներկայացնում էր պատգամավոր Սամվել Ֆարմանյանը, ով բավական ուշագրավ հակադարձեց՝ պնդելով, թե առանց Ասոցիացման համաձայանգրի կրկնապատկվում է բարեփոխումներ իրականացնելու պատասխանատվությունը․ - «Եթե մի դեպքում դու կարող էիր ստանալ իրավիճակ, երբ Եվրամիության հետ ասոցիացման պայմանագրի շրջանակներում ինստիտուցիոնալ այդ համագործակցությունը կօգներ մեր պետականաշինությանը, հիմա դա պարտավոր ենք անել ինքնուրույն, և դա պարտավոր ենք անել, որովհետև այլընտրանք չկա»: