Մարտական ոչ-ոքի Նեապոլում

Իտալիա - Հայաստան հանդիպումը, Նեապոլ, 15-ը հոկտեմբերի, 2013թ․

Հզոր մրցակցին արտագնա խաղում խփած երկու գնդակները չբարելավեցին Հայաստանի հավաքականի դիրքերը ընտրական մրցաշարի ամփոփիչ աղյուսակում։ԼՐԱՑՎԱԾ
Ֆուտբոլի աշխարհի 2014 թվականի առաջնության ընտրական B խմբի մրցաշարի վերջին՝ 10-րդ փուլի հանդիպումը Իտալիայի և հավաքականների միջև Նեապոլում քիչ առաջ ավարտվեց ոչ-ոքի՝ 2:2:

Հայաստանցի ֆուտբոլիստները երկու անգամ հաշվի մեջ առաջ անցան. 4-րդ րոպեին Յուրա Մովսիսյանը, իսկ 70-րդ րոպեին՝ Հենրիխ Մխիթարյանը գրավեցին իտալացիների դարպասը։ Սակայն Ալեսանդրո Ֆլորենցին և Մարիո Բալոտելին, համապատասխանաբար, 24-րդ և 76-րդ րոպեներին հավասարեցրին խաղի հաշիվը։

Սա Հայաստանի հավաքականի առաջին և միակ ոչ-ոքին էր այս ընտրական մրցաշարում։ Չորս հաղթանակով, մեկ ոչ-ոքիով և հինգ պարտությամբ Հայաստանը հավաքեց 13 միավոր և զբաղեցրեց ընտրական խմբի ամփոփիչ աղյուսակի նախավերջին տեղը։

Առաջին տեղում 22 միավորով Իտալիան է, երկրորդում 16 միավորով՝ Դանիան, որը սակայն, ինչպես պարզվեց ընտրական բոլոր խմբերում մրցաշարի ավարտից հետո, զրկվեց աշխարհի առաջնության եզրափակիչ փուլի ուղեգրի համար պայքարը շարունակելու հնարավորությունից, քանի որ ամենաքիչ միավորներն էր հավաքել խմբերում երկրորդ տեղերը գրաված հավաքականներից:

B խմբում չորրորդ տեղը գրավեց Չեխիան՝ 15 միավորով, 13-ական միավորով չորրորդ և հինգերորդ տեղերը զբաղեցրեցին Բուլղարիան և Հայաստանը, Մալթան 3 միավորով վերջին տեղում է։

Այսպիսով, այս խմբից Բրազիլիայի աշխարհի առաջնությանը մասնակցելու իրավունք ստացավ միայն աշխարհի քառակի չեմպիոն Իտալիան: