WP. «ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալությունը տվյալներ է հավաքել»

ԱՄՆ-ի ազգային անվտանգության գործակալության կենտրոնակայանը Ֆորթ Միդում, Մերիլենդ նահանգ

Միացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալությունը հավաքել է աշխարհի միլիոնավոր օգտատերերի, այդ թվում ամերիկացիների անհատական էլեկտրոնային կոնտակտներ ու ակնթարթային հաղորդագրություններ՝ անձնական էլեկտրոնային փոստերից: Այդ մասին տեղեկացնում է Washington Post պարբերականը՝ հիմնվելով ամերիկյան հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդուարդ Սնոուդենի հրապարակած գաղտնի փաստաթղթերի վրա:

Ըստ Washington Post-ի՝ հավաքված տվյալները Ազգային անվտանգության գործակալությանը հնարավորություն են տալիս գտնել տեղեկատվություն օտարերկրյա հետախուզական մարմինների կապերի ու թիրախների մասին:

Հետախուզական կառույցի ղեկավարի գրասենյակը հայտարարել է, որ գործակալությունը նպատակ է ունեցել կոնկրետ հետախուզական տվյալներ ձեռք բերել, այլ ոչ թե հետաքրքրված է ամերիկացիների անձնական տվյալներով: