«Խանութներում ու սուպերմարկետներում քիչ չէ անորակ սննդամթերքը»

«Ի՞նչ ենք ուտում և որքանո՞վ է այդ սնունդը անվնաս»․ «Ազատություն» ռադիոկայանի այս հարցին տասը երևանցիներից առնվազն յոթը պատասխանեցին, թե չգիտեն:

Սպառողների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող հասարակական կազմակերպությունները ևր ընդունում են, որ խանութներում ու սուպերմարկետներում քիչ չէ անորակ սննդամթերքը։

Հանրային խորհրդի առողջապահության հանձնաժաղովի անդամ Դոնարա Ալեքսանյանը խոստովանում է, որ հաճախ աշխատանքից հետո բավականին երկար շրջում է սուպերմարկետներում ու այդպես էլ ուտելու համար պիտանի ոչինչ չի գտնում․ - «Ես երշիկեղեն ընդհանրապես չեմ ուտում արդեն։ Ես իրոք քաղցած եմ մնում, իրոք, օր կա, որ մտնում եմ, մի ժամ պտտվելուց հետո՝ չգիտեմ ինչ առնեմ»։

Հանրային խորհրդի ներկայացուցիչն ասում է, որ չի զլացել և նույնիսկ մի քանի անգամ տարբեր ապրանքատեսակներ լաբորատոր ստուգումների է ներկայացրել։ Արդյունքում պարզվել է, որ կա խախտում, սակայն, տնօրինությունն ընդամենը նկատողություն կամ չնչին տույժ է ստացել, իսկ անորակ ապրանքը, այդպես էլ վաճառքից չի հանվել։

Սննդամթերքի անվտանգության և որակի հսկողության տեսչության պետ Արման Արարատյանի խոսքով, ծառայությունը միայն խախտումներ հայտնաբերող եւ կանխարգելումներ իրականացնող մարմին է, և արտադրվող սննդամթերքի որակի համար պատասխանատվություն չի կրում։ Նա մարդկանց խորհուրդ է տալիս ուղղակի ապրանքի որակը ստուգելու համար վաճառողից պահանջել որակի հավաստագիր։ Ընդ որում, պաշտոնյան նշում է, որ օրենքի վերջին փոփոխություններով իրենց հնարավորություններն է՛լ ավելի են նվազել, այժմ ստուգումներ կարող են իրականացնել միայն վարչապետի թույլտվությամբ․ - «Այն ընկերությունները, որոնք 70 միլիոնը չեն գերազանցում, կամ այն ընկերությունները, որոնց ապրանքի նկատմամբ եղել են բողոքարկումներ, և անհրաժեշտություն կա ստուգումներ անել, իրավունք ունենք իրականացնելու միայն վարչապետի թույլտվությամբ»։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե օրենքի այս փոփոխությունը կօգնի արդյոք վերացնել կամ նվազեցնել ոլորտի խնդիրները, Դոնարա Ալեքսանյանը պատասխանեց. - «Կարծում եմ, որ վարչապետը կոռուպցիան ցանկացավ կտրել, այսինքն տեսուչներին ինքնագլուխ չգնան, գումարներ չվերցնեն, նորից այդ աղբը չմնա խանութում։ Բայց հիմա էլ մտածում եմ, որ վարչապետն էլ հո իդեալական չի, կարող է իր սանիկը լինի, բարեկամը լինի, էլի աղբեր-տղա, ընկեր լինի արտադրողը»։

Ըստ Ալեքսանյանի ոլորտի լավագույն հսկողները քաղաքացիները կլինեն, եթե մի փոքր մտահոգվեն սեփական առողջության մասին ու բարձրաձայնեն։ Խախտումներ հայտնաբերելու դեպքում նաև զանգահարեն սննդի անվտանգության պետական ծառայություն։