ԵՄ-ն պահանջում է բանտից ազատել Տիմոշենկոյին

Վիկտոր Յանուկովիչ, Շտեֆան Ֆյուլե

Եթե Ուկրաինան ցանկանում է նոյեմբերի վերջին Վիլնյուսում Եվրամիության հետ ստորագրել Ասոցացման համաձայնագիրը, ապա պետք է մինչ այդ բանտից ազատի Յուլիա Տիմոշենկոյին, երեկ Կիևում կայացած կլոր սեղանի ժամանակ նման հայտարարությամբ է հանդես եկել Եվրամիության ընդարձակման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն։

Եվրոպացի պաշտոնյան նաև նշել է, որ Ուկրաինան դեռ չի կատարել ընտրական օրենսգիրքը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու՝ ավելի վաղ տված խոստումը։

Ֆյուլեն Կիևում հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ, ով եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյային խոստացել է մոտ ապագայում հանգուցալուծել Տիմոշենկոյի շուրջ ստեղծված կացությունը։

Ուկրաինական աղբյուրների փոխանցմամբ՝ չի բացառվում, որ երկրի նախկին վարչապետը բուժման նպատակով տեղափոխվի Գերմանիա։