Նախագահն ընդունել է Ռիգայի քաղաքապետին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Ռիգայի քաղաքապետ, Ռիգայի քաղաքային խորհրդի նախագահ Նիլ Ուշակովին:

Նախագահի աշխատակազմի տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության փոխամցմամբ՝ հանդիպմանը երկուստեք գոհունակությամբ է նշվել, որ վերջին երեք տարիներին Երևանի և Ռիգայի իշխանությունների միջև ձևավորվել են սերտ հարաբերություններ, իսկ ընթացիկ տարում ստորագրված Երևանի և Ռիգայի եղբայրացման մասին համաձայնագիրն ամուր հիմքեր է ստեղծել երկու երկրների մայրաքաղաքների համագործակցությունը տարբեր ոլորտներում զարգացնելու համար:

Հանրապետության Նախագահը ողջունել է նաև Եվրոպայի խորհրդի անդամ երկրների մայրաքաղաքների միջազգային համաժողովին Ռիգայի քաղաքապետի մասնակցությունը: Սերժ Սարգսյանի խոսքով, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահությունն ստանձնած Հայաստանի համար շատ կարևոր է նաև տեղական ինքնակառավարման մարմինների կայացումն ու զարգացումը, ապակենտրոնացված համագործակցության ընդլայնումը: