Սփյուռքի նախարարությունը ամփոփեց հնգամյա գործունեությունը

Լուսանկարը՝ նախագահի պաշտոնական կայքէջի

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր այցելել է Սփյուռքի նախարարություն և մասնակցել նախարարության հնգամյա գործունեության ամփոփմանը նվիրված միջոցառմանը:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ նախարարության աշխատակազմի, համահայկական կազմակերպությունների, Սփյուռքի նախարարության գործընկեր կառույցների, հոգևոր դասի ներկայացուցիչների, Հայաստան - Սփյուռք զարգացմանն իրենց նպաստը բերած պետական, քաղաքական, հասարակական գործիչների, մտավորականների մասնակցությամբ կայացած միջոցառման ժամանակ իր ողջույնի խոսքում Սերժ Սարգսյանը շնորհավորել է Սփյուռքի նախարարության հիմնադրման հոբելյանի առթիվ, խոսել նախարարության առջև դրված խնդիրների, անցած ուղու և ձեռքբերումների, այդ կառույցի առաքելության ու նրա կողմից իրականացվելիք հետագա ծրագրերի մասին:

«Հայության համախմբվածությունը և մեր համատեղ ներուժը կարող են բազմապատկել մեր մրցակցային առավելություններն արդի աշխարհում: Անցած ժամանակաշրջանում նախարարությանը հաջողվել է Սփյուռքի կառույցների և կազմակերպությունների հետ հաստատել փոխվստահության ջերմ հարաբերություններ, ինչն ամուր հիմք է հետևողական աշխատանքի համար», - հայտարարել է, մասնավորապես, Սերժ Սարգսյանը՝ շարունակելով․ - «Այդ կազմակերպություններն աշխարհասփյուռ մեր ժողովրդի հայապահպանության հիմնասյուներն են: Նրանց շնորհիվ սերնդեսերունդ են փոխանցվում մեր հոգևոր ժառանգությունը, Հայրենիքի հանդեպ սիրո, նվիրումի և պատասխանատվության զգացմունքները։ Անհրաժեշտ է առավելագույնս համադրել պետության և համահայկական կառույցների ծրագրերը։ Պետք է ձգտել յուրաքանչյուր կառույցի հետ ունենալ մի քանի երկարաժամկետ ծրագիր»:

«Սփյուռքի նախարարությունը ոչ միայն կայացել է, այլև դարձել է զարգացող և հեռանկարային կառույց, որը լծված է հայության օրակարգային խնդիրների լուծմանը: Այս կառույցն է այն շաղախը, որ կապում է Սփյուռքը Հայրենիքին, ամրացնում և ուղղորդում է այդ կապը: Նախարարությունն իր հնգամյա գործունեությամբ ապացուցեց Սփյուռքի հետ հարաբերությունների համակարգման և պետության հետ առնչությունների կենտրոնացման նպատակահարմարությունը։ Այս տարիների աշխատանքի արդյունքում ստեղծվել է փոխըմբռնման, վստահության և համագործակցության բարենպաստ մթնոլորտ համայն հայության ներուժը մեկտեղելու, Հայաստան հայրենիքը հզորացնելու և Սփյուռքը հայ պահելու համար», - ասել է նախագահը: