Ազատամարտիկների համահավաքին Վոլոդյա Ավետիսյանին աջակցելու կոչեր չհնչեցին

Թեև քաղաքական պահանջներ ներկայացնող ազատամարտիկները հայտարարում են, որ սատարում են կալանավորված մարտական ընկերոջը՝ Վոլոդյա Ավետիսյանին, և պնդում են, որ իրենց միջև պառակտում չկա, այսօրվա համահավաքին Ավետիսյանին սատարելու մասին հայտարարություններ չհնչեցին:
Այսօր Վերաքննիչ դատարանը քննում էր խարդախության մեղադրանքով կալանավորված ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի՝ խափանման միջոցը փոփոխելու վերաբերյալ բողոքը։ Դատարանն այսօր որոշում չկայացրեց։

Երևանի Ազատության հրապարակում այսօրվա համահավաք անցկացնող ազատամարտիկների թիվը համեմատաբար քիչ էր, նրանց մի մասը մասնակցում էր Ավետիսյանի պաշտպանության բողոքի ակցիային դատարանի շենքի առջև։

Ավելի քան երկու ամիս Ազատության հրապարակում ամեն հինգշաբթի համահավաքներ անցկացնող ազատամարտիկներն այսօր հայտարարեցին, որ քանի որ իշխանությունները դեռ չեն կատարել իրենց պահանջները, իրենք կշարունակեն պայքարը։

Ղարաբաղյան պատերազմի մասնակից ազատամարտիկների այս թևը քաղաքական պահանջներ է ներկայացնում իշխանություններին՝ պահանջելով փրկել երկիրը կործանումից ու կատարել համակարգային փոփոխություններ։

Ազատամարտիկներից Սուրեն Սարգսյանն համահավաքի ժամանակ նշեց, որ իրենք դեռ սպասում են ու համոզված են, որ իրենց պահանջները չեն անտեսվի:

Ազատամարտիկները հոկտեմբերի 18-ին քննարկում կանցկացնեն հայաստանյան ավելի քան երկու տասնյակ կուսակցությունների ղեկավարների ու ներկայացուցիչների հետ։ Առանցքային ուժերից ազատամարտիկների հետ կլոր սեղանի շուրջ կնստեն «Բարգավաճ Հայաստան», «Ժառանգություն», «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունները։ Հայ հեղափոխական դաշնակցության հետ ազատամարտիկները դեռևս բանակցում են, բանակցություններ են ընթանում նաև իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների հետ։ Ավելի վաղ նրանք հայտնել էին, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը մտադիր է հանդիպել նրանց։

Այսօրվա համահավաքին ազատամարտիկները շարունակեցին քննադատել իշխանություններին՝ նրանց մեղադրելով երկիրը կործանման վտանգի առջև կանգնեցնելու մեջ։