«Հարսնաքարի» գործի շրջադարձը մտահոգել է իրավապաշտպաններին

Your browser doesn’t support HTML5

«Հարսնաքարի» գործի շրջադարձը մտահոգել է իրավապաշտպաններին

«Վահե Ավետյան» շարժման անդամները, ակտիվիստներն ու իրավապաշտպանները զայրացած են «Հարսնաքարի» գործով դատավարության կտրուկ շրջադարձից՝ մտավախություն հայտնելով, որ մեղադրյալների պաշտպանների գծած սցենարով հանցագործները ազատության մեջ են հայտնվելու:

Մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը «անբարոյականություն» որակեց դատարանում տեղի ունեցող զարգացումները։ Նախկին օմբուդսմենը հիշեցնում է՝ սա դեռ նախաքննության փուլից էր սկսվել, երբ հետևողականորեն ոչնչացվեցին բոլոր հետքերը, չհայտնաբերվեց տեսագրություն, չստուգվեցին հեռախոսազանգերը։

«Դատական գործընթացը գնում է ուղղակի շինծու մի տարբերակով, և ամեն ինչ արվելու է, որ արդարացվեն նրանք, ովքեր, որևէ մեկը չի կասկածում, արել են խմբակային թե սպանությունը, թե ծանր վնասվածքներ հասցնելու գործողությունները»,- ասաց Ալավերդյանը։

Այն, որ դեպքից մեկ տարի անց իբրև թե նոր լույս է սփռվում գործի վրա, Լարիսա Ալավերդյանը իրավապահների հանցավոր գործունեության շարունակությունն է համարում։ Նա ուշադրություն է հրավիրում, որ դատարանում պարբերաբար կրկնվում է միտքը, թե Վահե Ավետյանը շարունակել է հայհոյել նույնիսկ գետնին ընկած վիճակում։

«Ոչ մի բան չի խանգարում այդպիսի անբարոյական մոտեցումների ներքո հանդես գալ բոլորովին նոր մի վարկածով, միառժամանակ անց մեղքը դնել թե արդեն իսկ իր կյանքը կորցրած Վահե Ավետյանի, և թե մարմնական ծանր վնասվածքներ ստացած այլ անձանց վրա, որովհետև կրկնվող այն մեղեդին, որ անգամ պառկած վիճակում անձը հայհոյել է, կարծես թե արդարացման կամ մեղքի թեթևացման նպատակով է ասվում»,- ասաց Ալավերդյանը։

Զարուհի Հովհաննիսյանը մասնակցել է երեկվա դատավարությանը: Ակտիվիստը պնդում է, որ մի քանի րոպենում բեկանվեց մեկ տարվա գործընթացը։ Մեղադրյալների վարքում Հովհաննիսյանը զղջում չի տեսնում։

«Չակերտավոր խոստովանությունը արվեց այնպիսի մի ասպետական տոնով, կարծես նրա մեջ արթնացել է խղճի խայթը և չի ուզում այլևս լռել։ Բայց չէ՞ որ մենք բոլորս հասկանում ենք, որ դա նախօրոք գծված սցենարի շրջանակներում է կատարվում։ Ընդհակառակը՝ նա փորձում էր Վահե Ավետյանին վերագրել այնպիսի հայհոյանքներ, որ իրեն հունից հանել են»,- ասաց ակտիվիստը։

Թեև «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանի մասնակցության հարցը արդեն փակված է, նա դատարանում ցուցմունք է տվել, ակտիվիստները մինչև օրս էլ կարծում են՝ Հայրապետյանի անմիջական հրահանգը, միջամտությունը նկատվում է նույնիսկ երեկվա զարգացումներում։

«Ամբողջ գործընթացում այս բոլոր վեց ամբաստանյալները փորձել են ծածկել հենց Ռուբեն Հայրապետյանի մասնակցությունը։ Ի սկզբանե նրանք խմբակային էին գործում, ցուցմունքները տալիս էին միասին, կամ լռում էին միասին, միասին վեր էին կենում, ասում էին՝ Ռուբեն Հայրապետյանը ընդհանրապես չի եղել այնտեղ։ Կազմակերպված գործողությունների ինչ-որ շղթա էր երևում»,- կարծում է Հովհաննիսյանը։

«Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» կազմակերպության ղեկավար Ժաննա Ալեքսանյանն էլ մատնացույց է անում Սյունքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելը։ Իրավապաշտպանը ևս համոզված է, որ «Հարսնաքարի» գործով դատարանի առջև կանգնած մեղադրյալները մինչև տարեվերջ ազատ են արձակվելու։ Ստեղծված իրավիճակի ողջ պատասխանատուն Ալեքսանյանը համարում է երկրի նախագահին։

«Ինքն է ստեղծել այս թողտվությունը, նա ի պաշտոնե Հայաստանում արդարադատության երաշխավորն է և պարտավոր է պատասխան տալ այս իրավիճակի համար։ Արդեն երկրորդ անգամ դատական համակարգը ոչնչացվում է, մեկ՝ մարտի 1-ից հետո, հիմա մեկ այլ իրավիճակ է, որը կարծում եմ՝ ավելի վատ է։ Այսինքն մարդասպանության համար ազատ են արձակում, հանրապետության նախագահի գիտությամբ է դա արվում։ Ես լսել եմ մասնավոր կարծիքներ դատավորների և այլոց, որոնք շվարած են ուղղակի այս իրավիճակից, ասում են, որ Հայաստանում իրավաբանություն գոյություն չունի»,- ասաց Ալեքսանյանը։

Լարիսա Ալավերդյանը շարունակում է՝ սա իշխանությունների հայտարարած նոր մթնոլորտի, դատաիրավական բարեփոխումների խոսուն վկայությունն է.- «Երբ իշխանությունները իրենց վրա վերցնում են ծանրագույն հանցագործություն մեղքը, այն է՝ պարտակել, ծածկել, ուղղակի արդարացնել հայկական բանակի բժիշկ սպայի անմարդկային ծեծի հետևանքով մահը»։