Աբրահամյանը հանդիպել է Լարիջանիի հետ

Հովիկ Աբրահամյանի և Ալի Լարիջանիի հանդիպումը Երևանում, արխիվ

Ժնևում անցկացվող Միջխորհրդարանական միության 129-րդ վեհաժողովի շրջանակներում Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը երեկ հանդիպել է Իրանի Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ:

Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ ջերմ մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ Աբրահամյանը և Լարիջանին փաստել են, որ հայ - իրանական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխադարձ վստահության մթնոլորտում:

Երկուստեք կարևորվել է բարեկամության պատգամավորական խմբերի գործունեությունը, որոնց ակտիվ շփումները և գործակցությունը նպաստում են միջխորհրդարանական կապերի սերտացմանը:

Կողմերը նշել են տնտեսական հարաբերությունների հետագա խորացման անհրաժեշտությունը:

Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին` Հայաստանի և Իրանի խորհրդարանների ղեկավարները շեշտել են, որ տարածաշրջանային անվտանգության և կայունության համար հակամարտությունները պետք է լուծվեն խաղաղ, բանակցային ճանապարհով: