Սիբիրախտ Լոռու մարզում

Սիբիրախտի հարուցիչը

Անցած շաբաթավերջին Սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն ահազանգ է ստացվել Լոռու մարզի Հարթագյուղ համայնքից 7 բնակիչների մոտ սիբիրախտ հիվանդության կասկածի վերաբերյալ:

Ծառայության Լոռու մարզային կենտրոնի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրությունների ընթացքում պարզվել է, որ համայնքում սեպտեմբերի 23-ին և 24-ին 4 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների հարկադիր մորթ է իրականացվել՝ օրենսդրությամբ նախատեսված կենդանիների սպանդին ներկայացվող պահանջների խախտմամբ: Պարզվել է մորթված կենդանիների տեղափոխման և օգտագործման վայրը, որտեղից ծառայության մասնագետները համայնքի բնակիչներից և Շիրակի մարզի Գյումրի քաղաքից առգրավել են վերոհիշյալ կենդանիների մսեղիքը՝ 50 կիլոգրամի չափով: Հարթագյուղում ժամանակավորապես արգելվել է կենդանիների մորթը և տեղաշարժը: Այն տարածքները, որտեղ իրականացվել է կենդանիների հարկադիր մորթը, ախտահանվել են, մի շարք միջոցառումներ են իրականացվել Հարթագյուղում և հարակից համայնքներում:

Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության հաղորդագրության համաձայն՝ առգրավված մսեղիքի լաբորատոր հետազոտությունների նախնական արդյունքներով մի քանի նմուշներում ախտորոշվել է սիբիրախտ հիվանդությունը: Հետազոտությունները ընթացքի մեջ են, վերջնական պատասխաններն ստանալուց հետո կիրականացվեն համապատասխան միջոցառումներ, ասված է հաղորդագրությունում: