Լուսակերտի թռչնաֆաբրիկայի քրգործը վերսկսվել է

Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում վերսկսվել է Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում անհիմն կարճված քրեական գործը, այսօր փոխանցում է Հատուկ քննչական ծառայության պաշտոնական կայքէջը:

«Նախաքննությամբ պարզվել է, որ «Լուսակերտի տոհմային թռչնաբուծական ֆաբրիկա» ՍՊԸ մատակարար Արամ Պետրոսյանի կողմից նախկինում ընկերությունից հափշտակված գումարները դատական կարգով վերականգնելու պատրվակով ընկերության բաժնետեր, ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Խաչիկ Մանուկյանի ցուցումով` տնօրեն Արթուր Եփրեմյանը հաշվապահ Աշոտ Շահինյանի միջոցով 2009 թվականի սեպտեմբերին կազմել է ձևաթուղթ հանդիսացող դրամարկղային ելքի օրդեր` կեղծել է կազմելու ամսաթիվը, ձևաթղթում մտցրել ակնհայտ կեղծ տվյալներ, թե իբր մատակարար Արամ Պետրոսյանը 2009 թվականի օգոստոսին ընկերության դրամարկղից կանխիկ ստացել է 193 միլիոն ՀՀ դրամ գումար, որի հիման վրա վերջինիս հետ կազմել է դրամական փոխառության պայմանագիր», - ասված է հաղորդագրությունում:

Նախաքննությունը շարունակվում է:

Փաստաթղթեր կեղծելու և կեղծված փաստաթղթեր օգտագործելու համար Քրեական օրենսգրքի 325-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ամենամեղմ պատիժը տուգանքն է՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, ամենախիստը՝ երկու տարվա ազատազրկումը: