Նախագահը «ասաց այն, ինչ պետք է ասեր քաղաքական ամբիոնից»

Ֆրանսիա - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունենում ԵԽԽՎ-ում, Ստրասբուրգ, 2-ը հոկտեմբերի, 2013թ․

Սերժ Սարգսյանի ստրասբուրգյան ելույթը՝ ըստ հայաստանցի փորձագետների:
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) հայաստանյան որոշ փորձագետներ գնահատում են սպասելի այն իմաստով, որ այն սոսկ քաղաքական հայտարարություն էր և, բնականաբար, չէր կարող առնչվել բոլոր այն հարցերին, որոնց պատասխանները հասարակությունը ակնկալում էր լսել նախագահից։

Սերժ Սարգսյանը չորեքշաբթի օրը Ստրասբուրգում իր ելույթում հայտարարեց, մասնավորապես, որ Հայաստանը հիմա էլ պատրաստ է Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրել, իսկ Մաքսային միությանը միանալու որոշումը Ռուսաստանի ճնշումների ազդեցության տակ չի կայացրել։

«Մենք 20 տարուց ավելի է, որ գտնվում ենք ռազմական անվտանգության մի համակարգում, որի բաղկացուցիչ մասերն են կազմում այն պետությունները, որոնք այսօր ձևավորել են Մաքսային միություն, և մենք չենք կարող մեկուսանալ աշխարհատնտեսական այն տարածքից, որի հետ 20 տարուց ավելի է համագործակցում ենք», - ընդգծեց Հայաստանի նախագահը։

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ նախագահ Սարգսյանը ասաց այն, ինչ պետք է ասեր քաղաքական ամբիոնից։

«Նաև հասկանալի է, որ ո՛չ հանրապետության նախագահը, ո՛չ արտգործնախարարը, ո՛չ վարչապետը չեն կարող տալ այնպիսի պատասխան, ինչի սպասելիքները միգուցե կան հասարակության մեջ: Հասարակությունը պիտի հասկանա, որ երբեք իրենք այդ խոսքերը չեն ասի», - նշեց փորձագետը:

Մինասյանի խոսքերով՝ ոչ մեկի համար գաղտնիք չէ, թե ինչ է տեղի ունեցել հայ - ռուսական հարաբերություններում․ Հայաստանին արվել է մի առաջարկություն, որը նա չէր կարող մերժել՝ անվտանգության տեսանկունից ելնելով։

Այդ որոշումը հիմնված չէ որևէ գործոնների վրա՝ բացառությամբ անվտանգության գործոնի, հավելեց քաղաքագետը․ - «Որևէ այլ տնտեսական կամ քաղաքական նպատակահարմարության՝ բացառությամբ անվտանգության գործոնի, հասկանալի է, որ այս պահին և՛ նախագահը, և՛ վարչապետը, և՛ բոլոր պաշտոնյաները պարզապես փորձում են տարբեր ձևի բացատրություններ և կրեատիվության տարբեր աստիճաններ ցուցաբերել՝ բացատրելով այս հանգամանքը»:

Նախագահ Սարգսյանն իր ելույթում նշեց, թե, ցավոք, Մաքսային միությանը անդամակցելու մասին հայտարարությունից հետո եվրոպացիներն ասել են, որ ուղղակի հակասություն կա Մաքսային միության և Ազատ առևտրի պայմանագրի միջև, կանոնների տարբերություն կա։ Արդյոք Հայաստանի իշխանությունները, որ չորս տարի շարունակ բանակցել են Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ, միայն վերջե՞րս իմացան այդ մասին։ Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը ծիծաղելի է համարում հայաստանյան պաշտոնյաների այն պնդումները, թե Եվրոպայի հետ մերձեցման ձախողման հարցում մեղավոր են եվրոպացիները։

«Բավական ծիծաղելի է հնչում ցանկացած պնդում այս պահին, որ Եվրամիությունը մեզ քաշեց: Որովհետև ակնհայտ է, որ Հայաստանի քաշեց Եվրամիությանը, Հայաստանը ետ կանգնեց այն ուղղությունից, որ Եվրամիությանն ասել էր, որ ընդունում է», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Տեր-Գաբրիելյանը:

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամբիոնից Հայաստանի նախագահը հավաստիացրեց, թե հայկական կողմը պատրաստ է շարունակել համագործակցությունն ու վճռական է բարեփոխումներ իրականացնել, և որ հայկական կողմը լինելու է Վիլնյուսում ու հիմա արդեն Եվրամիության գործընկերների հետ բանակցում է, թե ինչպիսի փաստաթուղթ պետք է ստորագրվի։
Արդյոք Եվրամիությունը համաձայն կլինի՞ դրան, հարցնում է Տեր-Գաբրիելյանը:

«Բայց նաև պիտի հասկանանք, որ դժվար դա հնարավոր կլինի, առաջինը՝ պարզապես ժամկետի առումով՝ հասկանալի է, որ բյուրոկրատական գործընթացի առանձնահատկությունները Եվրոպական միության գործունեության մեջ դժվար թե հնարավորություն կտան, և երկրորդը այն է, թե արդյոք Եվրամիությունը համաձայն կլինի՞ այդ քայլերին, որովհետև կա մի կարևոր հանգամանք՝ Եվրամիության համար շատ կարևոր է քաղաքական աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի հանդեպ, և այդ հանգամանքից ելնելով՝ Եվրամիությունը կփորձի մաքսիմալ ձևով ավելի կոշտ դիրքորոշում ունենալ նաև Հայաստանի հետ նմանատիպ պայմանագրի ընդհանրապես գոյության հարցում», - հայտարարեց «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրենը: