Պուտին․ «Գերտերությունները Սիրիայի հարցում ճիշտ ուղու վրա են»

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ է ունենում համաժողովի ժամանակ, Մոսկվա, 2-ը հոկտեմբերի, 2013թ․

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ գերտերությունները Սիրիայի քիմիական զենքի ոչնչացման հարցում ճիշտ ուղու վրա են։

Չորեքշաբթի օրը Պուտինն ասել է, որ եթե միջազգային հանրությունը շարունակի միասնական աշխատանքը, այլևս ուժ գործադրելու կարիք չի լինի, և այդպիսով Սիրիայում սպանվածների և վիրավորների թիվը չի ավելանա։

Պաշտոնական Դամասկոսի տրամադրության տակ գտնվող քիմիական զենքի վերացման մասին համաձայնությունը կայացվել է ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև՝ օգոստոսի 21-ին Սիրիայի մայրաքաղաքի մերձակայքում քիմիական զենքի կիրառումից հետո։

Ռուսաստանի նախագահը նշել է, որ համագործակցությունը չի կարող իրատեսական լինել առանց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի և այլ երկրների առաջնորդների աջակցության։