Աշխարհի գերտերության կառավարությունը... փող չունի

ԱՄՆ - Ներկայացուցիչների տան խոսնակ Ջոն Բեյները պատասխանում է լրագրողների հարցերին, Վաշինգտոն, 1-ը հոկտեմբերի, 2013թ.

Որքան էլ զարմանալի է հնչում` ԱՄՆ-ի գործադիրը չունի ֆինանսական միջոցներ, քանի որ օրենսդիրը մինչև կեսգիշեր չի համաձայնեցրել բյուջեի հարցը։

Հանրապետականների թիրախը «Obamacare» ծրագիրն է


Միացյալ Նահանգներում ֆինանսական տարին մեկնարկում է հոկտեմբերի 1-ին։ Սենատը, որտեղ մեծամասնություն ունեն նախագահ Բարաք Օբամայի կուսակից դեմոկրատները, քվեների 54-46 հարաբերակցությամբ մերժել է Կոնգրեսի մյուս պալատի` հանրապետականների հսկողության տակ գտնվող Ներկայացուցիչների տան նախագիծը։

Կոնգրեսականներն առաջարկել են պետական ծախսերի ժամանակավոր փաստաթուղթ, որը ենթադրում է Բարաք Օբամայի նախաձեռնած առողջության ապահովագրության լայնածավալ ծրագրի ֆինանսավորման սառեցում։

Ամերիկյան մամուլում այդ ծրագիրը հայտնի որպես «Obamacare», որը, ինչպես և ֆինանսական տարին, պետք է մեկնարկի հոկտեմբերի 1-ից։ Առաջարկը դեմոկրատները չեն կարող ընդունել, որովհետև դա Սպիտակ տան համար նվաստացուցիչ պարտություն կլինի։

Օբամայի կառավարությունը ցանկանում է ստանալ ոչ միայն հաստատված բյուջե, այլև պետական պարտքի վերին շեմը բարձրացնելու թույլտվություն։ Պետական պարտքն այսօրվա դրությամբ հասել է 16.7 տրիլիոն դոլարի։ Այն ավելացնելու հարցը պետք է քննարկվի հոկտեմբերի 17-ին։

«Կառավարության անջատում»


Եվ այսպես, կողմերի դիրքորոշումը չի փոխվել, և կառավարությունը փող չունի, ԱՄՆ-ում դրա համար կա հատուկ տերմին` «կառավարության անջատում» (government shutdown)։

Նախագահ Օբաման ժամեր առաջ ելույթ է ունեցել՝ ասելով, որ հարկ է անհապաղ քայլի դիմել և չթողնել կառավարությունը առանց ֆինանսավորման, քանի որ դրանից կտուժեն իրենց ամենօրյա ազնիվ աշխատանքով պետական հիմնարկների գործունեությունն ապահովող ծառայողները, ծանր վիճակում կհայտնվեն ոչ միայն միլիոնավոր շարքային մարդիկ, այլև երկրի աստիճանաբար աճող տնտեսությունը, այդ թվում՝ անշարժ գույքի վերականգնվող շուկան։

Նախագահի ելույթից հետո էլ հանրապետականներն անդրդվելի են մնացել։ Օբաման ավելի վաղ ասել է նաև, որ բյուջեն չհաստատելը կհարվածի ոչ միայն Միացյալ Նահանգներին, այլև ամբողջ աշխարհին։


«Այսպիսի բաներով կատակ չեն անում»


«Մենք ենք համաշխարհային տնտեսության հիմնասյունը, մեր տարադրամն է աշխարհի համար պահուստային տարադրամ, այսպիսի բաներով կատակ չեն անում, մենք իրավունք չունենք բյուջեի հետ կապ չունեցող հարցերով վտանգել մեր և ամբողջ աշխարհի տնտեսությունը», - ասել է Ամերիկայի նախագահը։

Այսպիսի կացություն ԱՄՆ-ում մի քանի անգամ եղել է, վերջին անգամ՝ 1995 և 1996 թվականներին։ Ի՞նչ է անելու դատարկ դրամապանակով կառավարությունը։ Նախ, հարյուր հազարավոր պետական ծառայողներ աշխատավարձ չեն ստանա։ Պետական հիմնարկներից շատերն աշխատողներին կամ կուղարկեն պարտադրված արձակուրդ, կամ ընդհանրապես կփակվեն։

Սովորաբար, երբ չի հաստատվում բյուջեն, Կոնգրեսն ընդունում է նախորդ տարվա բյուջեով ֆինանսավորումը շարունակելու ժամանակավոր որոշում (continuing resolution). Վերջին անգամ ընդունված այդպիսի որոշման ժամկետ էր սահմանվել 2013 թվականի մարտի 28-ից սեպտեմբերի 30-ը...

1 միլիոն 200 հազար ծառայողներ մատնվում են հարկադիր պարապուրդի


Առավել ծանր հարվածի տակ կհայտնվեն դաշնային ծառայողները, որոնց թիվը 2 միլիոնի է հասնում։ Նրանք պայմանական բաժանվում են երկու մասի` «էական նշանակության» (essential) և «ոչ էական նշանակության» (non-essential)։ Այդ 2 միլիոնից մոտ 1 միլիոն 200 հազար ծառայողներին կկարգադրեն աշխատանքի չգալ, և նրանք աշխատավարձ չեն ստանա։

Աշխատանքը կշարունակեն բանտերի ծառայողները, ավիացիայի դիսպետչերները, սահմանները հսկող պարեկային խմբերը, սննդի որակը ստուգող տեսուչները։

Պետության հովանավորությամբ աշխատող ազգային արգելոցները, թանգարանները, հուշահամալիրները, կենդանաբանական և բուսաբանական այգիները, գրադարանները, զբոսայգիները, ինչպես նաև Բնապահպանության գործակալությունը կփակվեն։

Անձնագրերի, վիզաների և ներգաղթի հարցերով դաշնային ծառայությունները կաշխատեն նվազագույն ծավալով։ Պատերազմի վետերանները, հաշմանդամները, թոշակառուները կշարունակեն նպաստներ ստանալ։

Ամերիկյան դեֆո՞լտ


«Կառավարության անջատումը» կարող է օրեր կամ մի քանի շաբաթ տևել։ Շատ ավելի բարդ վիճակ կստեղծվի, եթե օրենսդիրները չհամաձայնեցնեն պետական պարտքն ավելացնելու խնդիրը։ Հանրապետականները դրան կտրականապես դեմ են՝ պնդելով, որ պետությունն առանց այն էլ շատ փող է ծախսում։ Հանրապետականների մի մասն առաջարկում է ավելացնել պարտքն առանց «Obamacare»-ի ֆինանսավորման, ինչն անընդունելի է դեմոկրատների համար։

Պարտքը չավելացնելու դեպքում կառավարությունը ստիպված կլինի զբաղվել պարտքերը մարելու և ֆինանսավորում հայթայթելու հարցերով, ինչը տեսականորեն կարող է հանգեցնել ԱՄՆ-ի պատմության ընթացքում աննախադեպ կացության՝ դեֆոլտի։

Դա, իր հերթին, ավերիչ ազդեցություն կգործի ֆինանսական շուկայի վրա, և քանի որ Ամերիկան առանցքային պետություն է մոլորակի ֆինանսական-տնտեսական համակարգում, ապա գրեթե անխուսափելիորեն կսկսվի համաշխարհային լուրջ ճգնաժամ։