Տրանսպորտային հանձնաժողովը կգործի՝ չնայած ընդդիմադիրների բոյկոտին

Հայաստան -- Ուղեվարձի բարձրացման մասին հայտարարություն, որը փակցված էր հասարակական տրանսպորտում հուլիսյան այն կարճ ժամանակահատվածում, երբ ուժի մեջ մտավ քաղաքապետի որոշումը, արխիվ, 21-ը հուլիսի, 2013թ․

«Նիստերին որոշ ընդդիմադիր ուժերի չմասնակցելը որևէ կերպ չի վնասի մեր աշխատանքներին»,- երեկ կայացած առաջին նիստից հետո «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք հայտնեց տրանսպորտային հանձնաժողովի նախագահ, Երևանի փոխքաղաքապետ Վահե Նիկոյանը։

Առաջին նիստի ընթացքում ձևավորվեցին մի քանի կետից բաղկացած չափորոշիչներ, որոնցով էլ առաջիկայում մասնագետները պետք է հաշվարկներ կատարեն և սահմանեն ուղեվարձի չափը։ Գրեթե միաձայն ընդունվեցին այնպիսի չափորոշիչներ, ինչպիսիք են օրինակ վարորդների արտաքին տեսքը, մեքենաների տեխնիկական վիճակը և այլն։

Վահե Նիկոյանի կարծիքով մասնակիցները հիմնականում կառուցողական են տրամադրված և այս կազմով հնարավոր կլինի քննարկել ուղևարձի սահմանման հարցը։

Նա ասաց, որ պատրաստ էին բաց քննարկման, մինչդեռ այդ խմբակցությունները պարզապես գերադասեցին չմասնակցել նիստերին։

Երկու խմբակցությունների կողմից չմասնակցելու հիմնական պատճառը այն է, որ քաղաքապետը նախապես հայտարարել էր հանրային քննարկումներ կազմակերպելու մասին, մինչդեռ արդյունքում հանձնաժողով ստեղծվեց։

Վահե Նիկոյանն ասաց, որ հանրային քննարկումներ նույնպես նախատեսում են կազմակերպել, դա կլինի այս հանձնաժողովի աշխատանքների ավարտից հետո։

Քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովը բոյկոտել էին նաև տրանսպորտի ուղեվարձի բարձրացման դեմ պայքարող ակտիվիստները: Նրանք նախատեսում են հարցը քննարկելու համար իրենց հանձնաժողովը ձևավորել, որի առաջին նիստը տեղի կունենա արդեն այս երկուշաբթի օրը։ Վահե Նիկոյանի կարծիքով երկրորդ հանձնաժողով ձևավորելը ընդհանուր առմամբ անիմաստ է, քանի որ արդյունքը նույնն է լինելու։ Նա շեշտեց, որ ուղեվարձի չափը մեծ հաշվով կախված է հենց քաղաքապետարանում ստեղծված հանձնաժողովից և ավելացրեց, որ իրենք քաղաքապետի նախկին բարձրացման որոշումը գործարկելու խնդիրը իրագործելու համար չէ, որ հավաքվել են։

«Այնուամենայնիվ որևէ նոր որոշում ընդունվելու է: Դա ի՞նչ որոշում կլինի, կլինի նախկին որոշումն ուժի մեջ թողնելը, թե՞ փոփոխություն անելը, թե՞ նոր սակագին սահմանելը, որոշ չափով կախված է նաև մեր աշխատանքից: Բայց ինչ-որ որոշում պիտի ընդունվի, որը կանցնի հանրային քննարկման գործընթաց», - նշեց փոխքաղաքապետը:

Ի դեպ, հանձնաժողովի հաջորդ նիստը տեղի կունենա մոտ 10 օրից, կներկայացվի ընդունված չափորոշիչներով սահմանված ուղեվարձի նախնական գինը։