Ազատամարտիկները հանդիպել են ՀԱԿ փոխնախագահներին, ՆԺԿ նախագահին

Ազատամարտիկների ակցիան կառավարության շենքի մոտ, հունիս, 2013թ․

Շուրջ չորս ամիս առաջ Ազատության հրապարակում բողոքի ակցիաներ նախաձեռնած Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը երեկ հանդիպել է Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) կուսակցության փոխնախագահներ Լևոն Զուրաբյանին և Արամ Մանուկյանին:

Հանդիպման մասնակիցները քննարկել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերները, ներկայիս քաղաքական իրավիճակը, երկրում տիրող ճգնաժամային դրությունից դուրս գալու ելքերը:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել նաև առաջիկա օրերին ՀԱԿ կուսակցության ղեկավար, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հետ հանդիպման վերաբերյալ:

Ինչպես հաղորդում է Ազատամարտիկների ռազմադաշտային խորհուրդը, հանդիպումն անցել է փոխըմբռնման մթնոլորտում:

Նույն օրը Ազատամարտիկների ռազմադաշտային խորհրդի անդամները հանդիպել են «Նոր ժամանակներ» կուսակցության (ՆԺԿ) ղեկավար Արամ Կարապետյանին: Վերջինս պատրաստակամություն է հայտնել միանալ առաջիկայում կուսակցությունների մասնակցությամբ նախատեսվող «կլոր սեղանի» քննարկումներին:

Ազատամարտիկների այս թևը սոցիալական հարցեր չի բարձրացնում։ Այն Հայաստանի իշխանություններից պահանջում է վերջ տալ ամենաթողությանն ու երկիրը փրկել կործանումից, քաղաքական ուժերին առաջարկել է մասնակցել քննարկման «կլոր սեղանի» շուրջ՝ Հայաստանում ստեղծված իրավիճակից ելքեր փնտրելու նպատակով։ Նրանց կոչին արձագանքել են «Ժառանգություն», «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունները, «Նոր ժամանակներ»-ը։