Նալբանդյանը ելույթ ունեցավ Հարվարդի համալսարանում

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Աշխատանքային այցելությամբ Միացյալ Նահանգներում գտնվող արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Հայաստանի արտաքին քաղաքականության մասին ծավալուն ելույթով է հանդես եկել Հարվարդի համալսարանի Ջոն Քենեդու անվան կառավարման դպրոցում։

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ ելույթին ներկա էին Հարվարդի համալսարանի պրոֆեսորադասախոսական անձնակազմի ներկայացուցիչներ, հետազոտողներ, քաղաքագետներ, վերլուծաբաններ:

Նալբանդյանն իր ելույթում և հարցերին պատասխաններում ներկայացրել է հայ - ամերիկյան հարաբերությունները, ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերը, սիրիական ճգնաժամի և դրա հանգուցալուծման ուղիների, միջազգային և տարածաշրջանային մի շարք խնդիրների վերաբերյալ Հայաստանի մոտեցումները։

Ելույթից առաջ Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել Հարվարդի համալսարանի մարշալ Ջեքի Օ'Նիլի հետ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են հեղինակավոր կրթօջախում հայազգի ուսանողների առավել ներգրավման հնարավորությունները։

Հարվարդում Նալբանդյանը նույն համալսարանի պատվավոր պրոֆեսոր, բժշկական ֆակուլտետի բազմամյա դեկան Էրնեստ Բարսամյանին է հանձնել Հայաստանի նախագահի կողմից շնորհված «Մխիթար Հերացի» մեդալը։

Նույն օրը Հայաստանի արտգործնախարարը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի աշխատանքներին։