«Ժառանգություն». ռուս սահմանապահները կոտրել են կուսակցության տեսախցիկը

ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ այսօր երեկոյան միջադեպ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ընդդիմադիր պատգամավորի խոսքով, մասնավորապես, Երեւան֊Մեղրի ավտոճանապարհին ռուս սահմանապահները կանգնեցրել են իրենց մեքենան եւ առանց որեւէ պատճառաբանության ստուգումներ իրականացրել: Կողմերի միջեւ վիճաբանություն է տեղի ունեցել, ինչից հետո սահմանապահներից մեկը ձեռքով հարվածել եւ կոտրել է «Ժառանգության» տեսախցիկը, որը փորձել է արձանագրել տեղի ունեցածը:

Ըստ Փոստանջյանի, սահմանապահները սկզբում որեւէ պատճառաբանություն չեն ներկայացրել, ավելի ուշ , սակայն, պարզաբանել են, որ փնտրում են հետախուզվող անձի: «Ժառանգության» ներկայացուցիչները դիմել են ոստիկանություն` հանցագործության մասին հաղորդում տալու համար:

Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում կիրակի տեղի կունենան պատգամավորի լրացուցիչ ընտրություններ, որտեղ պայքարում են հանրապետական Արմեն Կարապետյանն ու «Ժառանգություն»-ից Սամվել Հայրապետյանը:

Նշենք, որ ռուս սահմանապահները հսկողություն են իրականացնում Հայաստանի սահմանին ռուս֊հայկական միջպետական համաձայնագրով:


Աստղիկ Բեդեւյան