Էթիկայի հանձնաժողովի անդամները հիմնավորում են ԹԻ-ի դիմումի մերժումը

Your browser doesn’t support HTML5

ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովն այսօր մերժեց խորհրդարանի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեության զուգակցելը որպես պատգամավորական էթիկայի խախտում ճանաչելու մասին «Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննությունը:

Հանձնաժողովը նախագահի տեղակալ Դավիթ Հարությունյանի պարզաբանմամբ՝ իշխող կուսակցության պատգավոր, ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի վերաբերյալ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի քննությունը մերժվել է, քանի որ դրանում ներկայացված պնդումները հիմնավորված չեն:

«Այն պնդումները, որոնք ներկայացված են դիմումում, որևէ ապացույցով հիմնավորված չեն: Միակ փաստաթուղթը, որը կցված էր դիմումին, դա պետական ռեգիստրից քաղվածքն էր, համաձայն որի պատգամավոր Հերմինե Նաղդալյանը հանդիսանում է բաժնեմաս ունեցող համապատասխան կազմակերպությունում: Միաժամանակ ուսումնասիրության ընթացքում ներկայացվել էր պատգամավորի կողմից փաստաթուղթ, որ այդ բաժնեմասը հանձնված է եղել հավատարմագրային կառավարման, ինչը օրենքով նախատեսված հիմք է: Որևէ այլ ապացույց դիմումին կցված չի եղել, և այդ իսկ պատճառով հանձնաժողովը մերժեց դիմումի քննությունը», - փաստարկեց Հարությունյանը:

Հիշեցնենք, «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի դիմումի համար հիմք է հանդիսացել «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 միլիոն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ «Հետք» լրատվամիջոցի հրապարակումը: Համաձայն այդ հրապարակման Սիսիանի ԲՈՒԱՏ ընկերությունը, որի հետ կնքվել է պայմանագիրը, պատկանում է Ազգային Ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանին:

Էթիկայի հանձնաժողովի անդամներից «Օրինաց երկիր» խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանն ու ԲՀԿ-ական Վահան Բաբայանը գտնում են, որ հանձնաժողովը, մերժելով դիմումի քննությունը, գործել է օրենքի սահմաններում:

Հարցին, թե չկային արդյոք բավարար հիմքեր՝ քննության առնելու դիմումը, Հովհաննես Մարգարյանը պատասխանեց․ - «Ընդհանրապես անհիմն չեն լինում հայցադիմումները: Ուղղակի կարծում եմ, թերի լրացված փաստաթուղթ էր մեզ ուղղված: Որովհետև հանձնաժողովը չէ, որ պիտի փաստեր հավաքի, մեզ պետք է փաստը ներկայացվի»:

Հանձնաժողովի անդամ Արծվիկ Մինասյանը (ՀՅԴ) «Ազատություն» ռադիոկայանին ասաց, որ ինքը կողմ չի եղել դիմումի քննությունը մերժելուն․ - «Բայց բուն պատճառի տեսակետից իսկապես հիմքերը կար: Այսօրվա օրենքի ձևակերպումների ներքո մերժման հիմքերը կար: Ինձ թվում է, առաջին խնդիրը, որ մերժման պատճառ դարձավ, օրենսդրության ակնհայտ անկատարությունն է թե՛ դիմում ներկայացնելու, թե՛ քննության վարույթ իրականացնելու, թե՛ հետագա ընթացքի մասով: Երկրորդ պրոբլեմը նա է, որ հստակություն չկա իսկապես մեր օրենսդրության մեջ բիզնեսի և քաղաքականության զուգակցման հետ կապված»:

Դիտարկմանը, թե օրենքը հստակ պնդում է, որ պատգամավորը չպետք է զբաղվի ձեռնակատիրական գործունեությամբ, Մինասյանն արձագանքեց․ - «Բայց նաև ձեռնարկատիրական գործունեության սահմանման մեջ․․․ նշվում է, որ եթե հավատարմագրային կառավարման ես հանձնել, դա բիզնեսով զբաղվել չէ: Բայց հետագա ընթացքը, թե արդյոք հավատարմագրային կառավարման հանձնելը ինչ իրավական ձեւակերպում պետք է ստանա, ինչ լիազորություններ, ինչ պարտականություններ պետք է լինի, դրա նկարագրությունը չկա տրված: Արդյունքում կարող է ձևականորեն այդպիսի պայմանագիր ստեղծվի, բայց փաստացի նորից կառավարումն իրականացվի»:

Մինասյանը կասկածի տակ է դնում Էթիկային հանձնաժողովի աշխատանքի արդյունավետությունը՝ ներկայիս լիազորությունների ու ձևաչափի պայմաններում․ - «Պրակտիկան էլ է ցույց տալիս, որ հանձնաժողովի կայացրած որոշումները ոչ միայն հասարակության ստվար զանգվածին չեն բավարարում, այլև իսկապես լուրջ խնդիր է առաջանում այս ոլորտը հետագայում հստակ համակարգելու տեսակետից»:

Դաշնակցության Գերագույն մարմինն այսօր քննարկել է ԱԺ Էթիկայի ժամանակավոր հանձնաժողովում իրենց ներկայացուցչի հետագա մասնակցության նպատակահարմարության հարցը: Արծվիկ Մինասյանի փոխանցմամբ՝ որոշվել է մշակել առաջարկներ կապված դրա կազմավորման, գործունեության և օրենսդրական փոփոխությունների հետ: Առաջարկությունները քննարկվելու են խորհրդարանական ընդդիմության հետ, և եթե իշխանության մաս կազմող ուժերն ընդունեն առաջարկը, ապա Դաշնակցությունը կշարունակի ներկայացուցիչ ունենալ Էթիկայի հանձնաժողովում:

Հակառակ դեպքում, ըստ Արծվիկ Մինասյանը, ՀՅԴ-ն դուրս կգա հանձնաժողովի կազմից:

Այս հանձնաժողովից, հիշեցնենք, ավելի վաղ իր ներկայացուցչին հետ էր կանչել ՀԱԿ խմբակցությունը: