A դասի բարձրագույն կարգավիճակ Հայաստանի օմբուդսմենին

Հայաստանի օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը ասուլիսի ժամանակ, արխիվ

Օրեր առաջ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը պաշտոնապես տեղեկացվել է, որ Օմբուդսմենների միջազգային հանձնաժողովը իր ինստիտուտին շնորհել է A դասի բարձրագույն կարգավիճակ:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի փոխանցմամբ՝ նման կարգավիճակ հիմնականում շնորհվում է այն օմբուդսմեններին, ովքեր անկախ են, օբյեկտիվ և դրսևորում են խնդիրներն արդյունավետորեն ուսումնասիրելու և լուծելու կարողություն:

Վերջին երկու տարվա ընթացքում Միջազգային համակարգող հանձնաժողովը հետևել և ուսումնասիրել է Հայաստանի օմբուդսմենի ինստիտուտի աշխատանքները՝ արդյունքում հաստատելով, որ այն գործում է Փարիզյան սկզբունքների համաձայն և համապատասխանում է բարձրագույն կարգավիճակ ստանալու բոլոր չափանիշներին, ասված է հաղորդագրությունում:

Ըստ նույն աղբյուրի՝ A դասի կարգավիճակ ստացած օմբուդսմենները հնարավորություն են ստանում առավել արդյունավետորեն հանդես գալ ՄԱԿ-ում և մի շարք այլ հեղինակավոր միջազգային կառույցներում, ինչպես նաև կարողանում են բարձրաձայնել և ներկայացնել մարդու իրավունքներին վերաբերող հիմնահարցեր միջազգային ամենաբարձր ամբիոններից: