ԱՄՆ Մերիլանդի նահանգապետը աջակցություն է հայտնում Ղարաբաղին

«Ազատ» նահանգի համբավ ունեցող Մերիլանդը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի անկախության եւ Ղարաբաղի ժողովրդավարության վերաբերյալ:
Մերիլանդ նահանգի նահանգապետ Մարտին Օ'Մալին հռչակագիր է հրապարակել Հայաստանի Անկախության օրվա առթիվ, որում հիշատակել է Լեռնային Ղարաբաղը իբրեւ նոր ձեւավորվող ժողովրդավարություն։

Մերիլանդի նահանգապետի տարածած հռչակագրում, մասնավորապես, նշվում է, որ «Հայաստանը, Լեռնային Ղարաբաղը եւ Միացյալ Նահանգները կիսում են միեւնույն արժեքները եւ հավատում են ազատության, ժողովրդավարության, ինքնորոշման եւ մարդու իրավունքների սկզբունքներին»։

Սեպտեմբերի 21-ին տարածված փաստաթղթում նշված է նաեւ, որ Մերիլանդի նահանգը հավատարիմ է այս արժեքներին եւ աջակցում է բոլոր նրանց, ովքեր որոշել են զարգանալ իբրեւ ազատ եւ ժողովրդավարական երկիր։

«Այսպիսով, Մերիլանդը դարձավ ԱՄՆ հերթական նահանգը, որն աջակցություն հայտնեց Ղարաբաղին»,֊նշում է Վաշինգտոնում Լեռնային Ղարաբաղի գրասենյակը: