Պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը կալանավորվեց

Your browser doesn’t support HTML5

Երեկ երեկոյան Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի դատավոր Ռուբեն Բունիաթյանի որոշմամբ, 2 ամսով կալանավորվեց ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանը:
Նա ձերբակալվել է խոշոր չափերով խարդախություն կատարելու կասկածանքով, անցյալ ուրբաթ հայտարարել էր պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը: Այս մեղադրանքը նախատեսում է տուգանք կամ ազատազրկում՝ 2-ից 6 տարով: Գնդապետ Ավետիսյանը, մասնավորապես, մեղադրվում է «խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով» հիշյալ քաղաքացուց 2 հազար դոլար հափշտակելու մեջ:

Վոլոդյա Ավետիսյանին կալանավորելու միջնորդություն ներկայացրած պաշտպանության նախարարության քննչական ծառայության քննիչ Գևորգ Խաչիկյանը հրաժարվեց Ավետիսյանին կալանավորելու կապակցությամբ որևէ մեկնաբանություն տալ:

Ավետիսյանի պաշտպան Արա Զաքարյանը կալանքի որոշումից հետո ասաց, որ դատարանը հրաժարվել է իր պաշտպանյալին ազատել 3 միլիոն դրամ և 5 միավոր անշարժ գույքի գրավով: Դատարանը, ըստ փաստաբանի, հիմնավորված է համարել քննիչի պնդումը, թե Վոլոդյա Ավետիսյանը ազատության մեջ լինելով՝ կարող է խոչընդոտել նախաքննությանը և կարող է նոր հանցագործություն կատարել։

«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե Վոլոդյա Ավետիսյանն ընդունե՞լ է մեղադրանքը, Արա Զաքարյանը պատասխանեց, որ Ավետիսյանը ընդհանրապես հրաժարվել է որևէ բան ասել քննչական մարմնին և հրապարակավ կխոսի այն ժամանակ, երբ նպատակահարմար կհամարի:

Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելու պահից սկսած՝ նրա մարտական ընկերները պնդում են, որ պատճառը մայիսին Ազատության հրապարակում նրա սկսած նստացույցն էր: Այդ նստացույցից սկիզբ առավ և մինչ օրս շարունակվում են ազատամարտիկների բողոքի ակցիաները՝ սոցիալական պահանջներով: Պահեստազորի գնդապետի կալանքով անհանգստացածներն ուշադրություն են հրավիրում հանգամանքին, որ նա ունի 6 երեխա, երեքն անչափահաս են: Վոլոդյա Ավետիսյանին ազատությունից զրկելու կապակցությամբ ազատամարտիկներն օրերս նստացույց են անցկացրել Գյումրիում, Վանաձորում, Վարդենիսում, Սևանում:

Ազատամարտիկների խորհուրդը բաց նամակով դիմել է Հայաստանի նախագահին, վարչապետին, պաշտպանության նախարարին, գլխավոր դատախազի պաշտոնակատարին:

«Մի՞թե բազմաթիվ պարգևներ և մեդալներ ստացած, ազատամարտիկների մոտ հարգանք վայելող հրամանատարն արժանի էր այսպիսի շնորհավորանքի` անկախության 22-րդ տարելիցի կապակցությամբ», - ասված է նամակում:

Ազատամարտիկների պահանջն է՝ ազատ արձակել Վոլոդյա Ավետիսյանին, այլապես նրան դատապարտելը մեծ հարված կլինի ոչ միայն ազատամարտիկների, այլև ազգային բանակի հեղինակությանը»: