Սեպտեմբերի 19-ի մամուլ

«168 ժամ»-ը գրում է. - ««Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանը սեպտեմբերի 20-ին Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքը հնարավորինս մարդաշատ և ներկայացուցչական դարձնելու համար հանրահավաքին մասնակցելու հրավեր է ուղարկել բազմաթիվ կուսակցությունների և հասարակական կազմակերպությունների: Կուսակցությունների մի մասը մերժել է նրա հրավերը, իսկ նրանք, ովքեր որոշել են ընդունել այն, կարող են իրենց ներկայությամբ և ելույթներով տապալել հանրահավաքը: Բանն այն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հանրահավաք է հրավիրել ի պաշտպանություն Հայաստանի անկախության և ինքնիշխանության, որը, ըստ նրա, վտանգվում է Մաքսային միությանն անդամագրվելու Հայաստանի իշխանության որոշման արդյունքում: Մինչդեռ հանրահավաքին հրավիրված մի քանի կուսակցությունների ներկայացուցիչներ հակառակ դիրքորոշում ունեն և հանդես են գալիս Հայաստանի՝ Մաքսային միությանը անդամագրվելու որոշման օգտին: Այդ կուսակցություններից մեկի ներկայացուցիչը երեկ մեր թղթակցին հայտնել է, որ ինքը փորձելու է հանրահավաքի իր ելույթով Րաֆֆի Հովհաննիսյանին «դարձի բերել», ապացուցելով, թե Հայաստանի համար որքան կարևոր է Ռուսաստանի հետ դաշնակցային հարաբերություններ պահպանելը և ինչ վտանգներ է պարունակում արևմտյան «վտանգավոր և հակազգային արժեքների ներմուծումը Հայաստան»»:

«Հայկական ժամանակ» թերթին հարցազրույց է տվել Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Թղթակցի հարցին, թե ինչու Ռուսաստանի նախագահը չմասնակցեց Մոսկվայում հայկական նորակառույց եկեղեցու բացման արարողությանը և արդյոք դա հարգանքի բացակայության նշան չէ, Աբրահամյանը պատասխանել է. - «Ես ինքս Ձեզ հետ համաձայն եմ, ես էլ եմ զայրացած: Մի կողմ դնենք ռազմավարությունը, մեր բարեկամությունը, ամեն ինչ դնենք մի կողմ: Այստեղ 2.5 միլիոն հայ կա: Իհարկե, նախագահը միգուցե զբաղված էր, Մոսկվայում չէր: Եկեղեցու բացումը նախօրոք պլանավորված էր: Եթե մի քիչ շուտ ասեին, միգուցե նախագահը գար, միգուցե ժամանակին զգուշացնեին, ներկա լիներ, ես չգիտեմ: Բայց որ նախագահը պետք է գար, ես համաձայն եմ Ձեզ հետ: Գար` հարգելով մեր` Ռուսաստանի հայերին, իր քաղաքացիներին, 2.5 միլիոն մարդու»:

Թեման շոշափվում է նաև «Առավոտ» թերթի խմբագրականում. - «Մոսկվայում բացվել է Սուրբ պայծառակերպության տաճարը և եկեղեցական համալիրը: Ես չեմ զգացել, որ Երևանում այդ իրադարձությունը որևէ մեկին ուրախացնի: Շատերն ուրախացել էին, որ արարողությանը ներկա չէին Պուտինը, Մեդվեդևը կամ Սոբյանինը, ինչը համարվեց Հայաստանում մոտալուտ իշխանափոխության գրավականը: Չգիտեմ, գուցե այդպես է՝ Հայաստանի աշխարհիկ և հոգևոր իշխանությունները ոչ մեկի աչքի լույսը չեն: Բայց եթե մի կողմ դնենք քաղաքականությունը, մի՞թե դրական փաստ չէ, որ Մոսկվայում և Մոսկվայի մարզում ապրող հարյուր հազարավոր հայեր կունենան իրենց հոգևոր կենտրոնը, կկարողանան շփվել իրար հետ, հաղորդակցվել մեր լեզվին, մշակույթին: Իհարկե, այստեղ էլ կարելի է վատ բան տեսնել՝ ինչո՞ւ այդ հայերը Հայաստանում չեն: Մի խոսքով՝ եթե փնթփնթալու առիթ փնտրես, միշտ էլ կգտնվի»:

«Հայոց Աշխարհ»-ը զրուցել է ՀՀԿ-ի փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանի հետ: «Այսօր` մեր երկրի անկախացումից 22 տարի անց, որոշ քաղաքական ուժեր սկսել են խոսել այն մասին, թե Հայաստանը կանգնած է ինքնիշխանության, սուվերենության կորստի առաջ: Իբրև վտանգ մատնացույց է արվում Մաքսային միությանն անդամակցումը: Դեպի Մաքսային միություն գործընթացը կարո՞ղ է հղի լինել նման վտանգներով», - հարցրել է թղթակիցը: Զոհրաբյանը պատասխանել է. - «Նախ ես այն կարծիքին չեմ, թե Մաքսային միությանը միանալը վտանգավոր է Հայաստանի համար, քանզի արդեն անցել ենք այդ վտանգի ամենակարևոր փուլն ու համոզվել, որ վտանգ որպես այդպիսին չկա: Խոսքս ռազմական ու ռազմաքաղաքական ոլորտներում Հայաստան - Ռուսաստան` դեռ 1996 թ. ձեռք բերված համագործակցության մասին է, որի արդյունքում Հայաստանում տեղակայվեց ռուսական ռազմակայանը: Իսկ գնալ ռազմական համագործակցության, չի նշանակում կորցնել սուվերենությունը: Կան պետություններ, որոնք իրենց անվտանգությունը, տնտեսության զարգացումը իրականացնում են սեփական ուժերով. բայց անգամ նման հզորները բացարձակ անկախ չեն, և առհասարակ ներկայիս աշխարհում դժվար է խոսել բացարձակ անկախության մասին»:

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է. - «Երբ առողջ, ուժերի ծաղկման շրջանում գտնվող, առաջին հայացքից մտածելու ընդունակ այրը հայտարարում է, թե Հայաստանն այլ ընտրություն չուներ, Հայաստանի միակ ճշմարիտ ուղին ռուսի լծի տակ մտնելն է, նրա ներկայությունն իր հողի վրա օրհնելն ու նրան հպատակվելը, հասկանում ես, որ ինչ-որ կարեւոր բան ինչ-որ կարեւոր պահի խաթարվել է»: