Երիտասարդ գիտնականների բնակարանաշինության ծրագիրը «տապալված չէ»

«ԵՊՀ շրջանավարտների միավորման» նախագահ Արսեն Քարամյանն հիմնավոր է համարում «Ավան 2» համալիրի շահառուների բարձրացրած բողոքի ձայնը։
«Աջակցություն երիտասարդ համալսարանականներին» բնակարանաշինության սոցիալական ծրագրի երկրորդ փուլով Ավանի Ծարավ Աղբյուրի 55/ 6 հասցեում կառուցվող 13 հարկանի բնակելի շենքը սույն թվականի ապրիլին պետք է հանձնվեր երիտասարդ գիտնականներին, սակայն մինչ օրս նրանք բնակարաններ չեն ստացել։ Շահառուներն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում փաստում էին, որ բնակարանների ուշացման պատճառով նոր սոցիալական խնդիրների առաջ են կանգնել։

Արսեն Քարամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պարզաբանում է, որ որպես կառուցապատող և պատվիրատու կազմակերպություն՝ իրենք ավելի վաղ էին տեսել ու հասկացել, որ շինարար կազմակերպությունը չի կարողանում կատարել իր պայմանագրային պարտավորությունները, քան շահառուներն այդ մասին կենթադրեին։

«Սույն թվականի մարտի 30-ին նամակ եմ ուղարկել շինարարություն իրականացնող «Ի Էմ Էյջ Քոնսթրաքշըն» ՓԲԸ-ին հիշեցնելով կառուցապատման ավարտի առավելագույն ժամկետի՝ ապրիլի 30-ի մասին, փաստելով, որ կան բավականին չկատարված աշխատանքներ, նաև հիշեցնելով, որ հիշյալ ժամկետում աշխատանքները չավարտելու պարագայում շահառուները բոլոր իրավունքներն ունեն պահանջելու կետանցերի վճարում ամեն ուշացրած օրվա համար»,-նշեց Քարամյանը։

Քարամյանը հավելում է, որ կառուցապատող ընկերությունը բանավոր փոխանցել է կցկտուր տեղեկություն, թե իրենք ունեն ֆինանսական որոշ խնդիրներ և խնդրել են պատվիրատու կազմակերպությանը կատարել ամբողջ ծավալի չափով վճարումներ շինաշխատանքներրը ժամանակին ավարտին հասցնելու համար։

«Մեր կողմից առաջ է քաշվել այն թեզը, որ աշխատանք-գումար սկզբունքով, արագացված ռեժիմով մենք կկարողանանք վճարել ամբողջ ծավալով աշխատանքները և ինչ-որ առումով կանխավճար ենք կատարել, առ այս պահը գրեթե վճարված է ամբողջ շենքի արժեքը, բայց կրկին շինկազմակերպությունը չի կարողացել իր ֆինանսական խնդիրները կարգավորել»,- փոխանցեց ՀԿ-ի նախագահը։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում շահառուները նշել էին, թե իրենք պահանջներ չունեն շինարար կազմակերպությունից, քանի որ իրենց պայմանագիրը կառուցապատող «ԵՊՀ շրջանավարտների միավորում» ՀԿ-ի հետ է։

Այս տեսակետի հետ Քարամյանը համաձայն է զուտ իրավական առումով.- «Կա նաև հարցի բարոյական կողմը։ Որովհետև ամբողջ կառուցապատման ընթացքում բազմաթիվ են դեպքերը, երբ շահառուները մեզ դիմել են տարաժամկետել վճարումները, սահմանել այլ վճարման եղանակ, որովհետև ֆինանսական խնդիրներ են եղել։ Չի եղել այդպիսի նամակ, այդպիսի դիմում, որ մնա գոնե առանց մասնակի լուծման։ Այդ կարգի շահառուներն ուղղակի ճնշող մեծամասնություն են եղել։ Հասկանալով, որ գործ ունենք սոցիալապես խոցելի մտավոր ներուժով օժտված խավի հետ, մշտապես մեր ֆինանսական հնարավորությունների տիրույթում ընդառաջ ենք գնացել։ Չհասկանալ սա, կարծում եմ, ճիշտ չէ»։

Քարամյանը փոխանցեց, որ սեպտեմբերի սկզբին նորից հանդիպել է շինարարություն իրականացնող կազմակերպության ղեկավարի հետ։ Կապալառուն պարտավորվել է մեկ ամսում կամ առավելագույնը 40 օրվա ընթացքում շենքը հանձնել շահագործման։

Հարցին, թե ի՞նչ ծավալի աշխատանքներ են մնացել շենքը շահագործման հանձնելու համար, Քարամյանը պատասխանեց.- «Ներքին հարդարման մասով գրեթե մոտ է ավարտին։ Համենայնդեպս, մինչև 11-րդ հարկ պետք է համարել ավարտված։ Խոսքը 11, 12, 13-րդ հարկերի ներքին հարդարանքի մասին է, որը օգոստոսի 30-ին վերսկսվելուց ի վեր շատ մոտ է ավարտին և այնտեղ հիմնական ծանրությունն ընկնում է հարակից տարածքի բարեկարգման, ասֆալտապատման և կանաչապատման վրա»։

Քարամյանը, սակայն, երաշխիքներ չունի, որ շինարար ընկերությունը չի շեղվի ձեռք բերված պայմանավորվածությունից, առավել ևս, որ վատ օրինակները կան և մինչ այս ձեռք բերված բոլոր պայմանավորվածություններն ու նշված ժամեկտները չեն պահպանվել։

«Ամեն դեպքում մենք շահառուների հետ պայմանավորվել ենք, որ սեպտեմբերի 30-ի տիրույթում կրկին հանդիպելու ենք, և անպայման պետք է ակնհայտ լինի աշխատանքների ավարտման վիճակը։ Ակնհայտ չլինելու դեպքում մենք արդեն ստիպված ենք լինելու գնալ իրավական ճանապարհով»,- ասաց Քարամյանը։

Գնահատելով ստեղծված իրավիճակը՝ Քարամյանը, այնուամենայնիվ, նշում է, որ ծրագրի տապալման վտանգ չկա, ընդհանուր ծրագիրը համարում է հաջողված ու հայցելով շահառուների ներողամտությունը՝ վստահեցնում է, որ բնակարանամուտը չի ուշանա։

«Վերջին պայմանավորվածության շրջանակներում շինարարը, այնուամենայնիվ, կկատարի իր աշխատանքները և առավելագույնը 40 օր անց մենք կունենանք բնակարանամուտ»,- ասաց նա։