Հովհաննիսյան. ՄՄ-ն վտանգում է Հայաստանի պետականությունը

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյան

Մաքսային միությանը միանալու իշխանությունների որոշումը խստորեն քննադատած «Ժառանգության» առաջնորդը լրագրողների հետ հանդիպման ժամանակ վերահաստատեց ավելի վաղ արտահայտած մտահոգությունները։ Հայաստանի պետականությունը վտանգված է, հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այդ ուղղահայացը, որ ժամանակին Խորհրդային Միությունն էր, հիմա վերականգնման նախաշեմին է։ Ես կարծում եմ, որ Հայաստանը գնում է իր ապօրինի իշխանությունների որակի պատճառով, ստիպված մի ուղղությամբ, որը Հայաստանի համար հեռանկար չունի»,- ասաց Հովհաննիսյանը։

Այս որոշման միակ մեղավորը Րաֆֆի Հովհաննիսյանը ոչ թե Ռուսաստանի, այլ Հայաստանի իշխանություններին է համարում.- «Եթե պետք է Հայաստանը դժվար որոշում կայացնի, իր ինքնիշխանությունը ապահովի, մեկ դժվար ձմեռ անցկացնի գազի բարձր գներով, պետք է ունենա այդ ինքնիշխան կամքը դա անելու համար»։

Արտակարգ դրության մեջ ենք ապրում, հայտարարեց «Ժառանգության» առաջնորդը, և քանի դեռ ուշ չէ, լուծումներ են պետք։ Մեկն ասում է՝ «սրան պետք է քշել», մյուսն ուրիշ եզրույթ է օգտագործում, իշխանափոխության իրեն հասած տարբերակները լրագրողներին փոխանցեց ընդդիմադիր գործիչը։ Անձամ Հովհաննիսյանը կարծում է, որ լուծումը հրապարակում հավաքվելն է, շաբաթվա վերջին Ազատության հրապարակում, ինչպես նա ձևակերպեց, հանուն Հայաստանի ազատագրման բողոք կկազմակերպվի։ Նա ակնկալում է, որ այդ հավաքին կմասնակցեն տարբեր ուժեր, անհատներ՝ տրանսպորտի սակագնից դժգոհողներից մինչև սոցիալական խնդիրների լուծում պահանջող ազատամարտիկներ։

Հարցին, թե Մաքսային միությանն անդամակցությունից դժգոհությունը կարո՞ղ է դառնալ բողոքի հիմնաքարը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց.- «Այո, հետագա պայքարի առումներից մեկը կլինի Հայաստանի ինքնիշխանությունը, անկախությունը և դա պաշտպանելու, փայփայելու և սահմանադրական պահպանում ապահովելու ուղղությունը, բայց ոչ միայն, ունենք հազար ու մեկ ներքին խնդիր։ Պարոն Սարգսյանը հանուն Հայաստանի պետք է հեռանա»։

Թեև իշխանափոխության և պայքարը կողմնակից է, բայց չի պատրաստվում ղեկավարել որևէ շարժում, նման հայտարարություն արեց հավաքական պատասխանատվության, դժգոհողների համախմբման կողմնակիցը։

Հովհաննիսյանը կարծում է՝ վերջին 5-6 տարիներին իշխանության վարած արտաքին քաղաքականությունը բոլոր նախորդների վարածի համեմատ ամենավատն է։ Չկա հակառուսական և հակամերիկյան, ասում է նա։ Հայաստանի ինքնիշխանության կորստի համար սա Հովհաննիսյանի գնահատականի բառացի մեջբերումն էր։ «Ժառանգության» առաջնորդը Արևմուտքին և Ռուսաստանին հավասարաչափ է մեղավոր համարում, ինքը Հայաստանի շահն է կարևորում, և եթե ԵՄ-ի հետ ասոցացման գործընթացը չձախողվեր և հայտնի դառնար, որ Ասոցացման համաձայնագիրը չի համապատասխանում Հայաստանի շահին, դրան էլ դեմ կլիներ։

«Ցույց տվեցին, որ այս օրինազանց իշխանությունը պատրաստ է երկրի ինքնիշխանությունը դնել զոհասեղանին և մերթ այս կողմ տանել, մերթ այն կողմ, միայն թե այդ պահը անցկացնի»,- ասաց նա։

Անցած նախագահական ընտրություններում պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած և այդ արդյունքները չընդունած Հովհաննիսյանը մեկ առաջարկ ունի, ասում է՝ «մեր տունը մենք պետք է կարգի բերենք»։

«Շատ լավ է, որ պարոն Ֆյուլեն գալիս է և արդարացիորեն բողոքում է մեր քաղաքացիների իրավունքների մասին, թե ոստիկանությունը հարձակվում է քաղաքացիների վրա, բայց շատ լավ կլինի, որ նման պաշտոնյաներ ընդհանուր առմամբ խոսեին վերջին և ընդհանրապես Հայաստանի բոլոր ընտրությունների մասին, երբ զանգվածաբար կազմակերպված հանցագործությամբ խախտվեց Հայաստանի օրենքը և Սահմանադրությունը»,- ասաց նա։