Ազնավուրը հանդիպել է Ալմաթիի հայ համայքի հետ

Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը ՄԱԿ-ի ժնևյան գրասենյակում նիստի ժամանակ, արխիվ

Անցած կիրակի օրը Ալմաթիի «Լույս» հայկական մշակութային կենտրոնում տեղի է ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների հանդիպումը Շվեյցարիայում Հայաստանի դեսպան, Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի հետ, որը որպես պատվավոր հյուր մասնակցել է Ղազախստանի հարավային մայրաքաղաքում անցկացվող Եվրասիական երաժշտական մրցանակաբաշխությանը և Եվրասիական միջազգային կինոփառատոնին:

Արտգործնախարարության մամուլի և տեղեկատվության վարչության փոխանցմամբ՝ Ղազախստանում Հայաստանի դեսպանության կազմակերպած հանդիպման ժամանակ ողջույնի խոսքերով են հանդես եկել նորանշանակ դեսպան Արա Սահակյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:

Ազնավուրը հետաքրքրվել է ղազախահայերի պատմությամբ, ներկայով, հայապահպանության խնդիրներով, ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի հայանպաստ կարգավորմանն ու Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն աջակցելու ուղղությամբ ձեռնարկած իր ջանքերը: Նա այցելել է նաև Սուրբ Կարապետ հայկական եկեղեցի: