ՄՄ-ին անդամակցելով Հայաստանը «լուծում է իր լինելիության խնդիրը»

ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյան

Անդամակցելով Մաքսային, իսկ հետագայում Եվրասիական միությանը՝ Հայաստանը լուծում է իր լինելիության խնդիրը և այդ առումով իրավիճակը նման է 1918-1920 թվականներին, երբ Հայաստանի դաշնակցական կառավարությունը «հազիվ կարողացավ Զանգեզուրը պահել և Զանգեզուրով մտնել Խորհրդային Միության մեջ»:

Երեքշաբթի լրագրողների հետ հանդիպմանը նման հայտարարություն արեց Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ արձագանքելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե մտավախություն չկա՞, որ անդամակցելով Մաքսային, իսկ հետագայում Եվրասիական միությանը՝ Հայաստանը ուղղակի կկորցնի իր պետականությանը:

«Մեր խնդիրը այսօր լինելիության հարցը լուծելն է, այս փուլը հաղթահարելն է, 18-20 թվականներին նման վիճակ է եղել, ադրբեջանցիները շատ արագ մտան բոլշևիկների հետ համագործակցության, հազիվ կարողացանք Զանգեզուրը պահել, Զանգեզուրով մենք միացանք, մտանք Խորհրդային Միության մեջ։ Այն ժամանակ դաշնակցական կառավարությունն էլ իրավիճակից ելնելով զիջեց իշխանությունը բոլշևիկներին։ Եթե այդպես մտածեինք՝ ի՞նչ բոլշևիկյան Ռուսաստան, ավելի բա՞րձր արժեքներ էին այնտեղ, որ մտանք Խորհրդային Միության կազմի մեջ։ Ո՛չ։ Նույնն էլ հիմա է։ Մեր խնդիրը 42 հազար քառակուսի կիլոմետրը մեր սերնդին կտակելն է»,- ասաց Ռուստամյանը։

Ընդ որում, Ռուստամյանի ներկայացմամբ, ընտրություն կատարելով հօգուտ Եվրասիական միության, Հայաստանը այլընտրանք չուներ։

«Ի՞նչ պիտի անեք, ասում եմ՝ մի համակերպվեք... չունեք ռազմական անվտանգություն, չունեք էներգետիկ անվտանգություն։ Ես ձեզ հիշեցնեմ՝ հինգ օր տևեց ռուս-վրացական պատերազմը, ամեն օրը Հայաստանի վրա նստել է 100 միլիոն եվրոյի վնաս, սա փաստ է, երկրորդ՝ այստեղ արդեն բենզին չկար, մարդիկ կտրոնները ձեռքին չէին կարողանում բենզին լցնել»,- ասաց ՀՅԴ ներկայացուցիչը։

«Երբ խոսում եմ ռազմական սպառնալիքի մասին՝ [նկատի ունեմ] թուրք-ադրբեջանական տանդեմը»,- նշեց Արմեն Ռուստամյանը, ով նաև ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչն է.- «Սա նոր չէ, որ ասում եմ, ես ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն եմ ղեկավարել, ես բազմաթիվ հանդիպումներ եմ ունեցել ամերիկացիների, մյուսների հետ, երբ ասում էին՝ ռուսական բազաները այստեղ ի՞նչ են անում, ես իրենց պարզ հարց էի տալիս՝ ռուսական բազաները հանենք, դուք կարո՞ղ եք մեզ երաշխավորել այն անվտանգությունը, որ այսօր էդ բազաներով, այդ համագործակցության միջոցով անում ենք։ Պատասխանում էին՝ ոչ»։

«Ո՞վ կարող է մեզ «այո» ասել: «Այո» են ասել ու մենք չե՞նք արել»,- հարց բարձրացրեց բանախոսը.- «Մենք Եվրամիության հետ աշխատել ենք երկար ժամանակ հարավկովկասյան անվտանգության համակարգի ձևավորման ուղղությամբ։ Ո՞ւր է, հասա՞նք դրան, չհասա՛նք»։

Այսօրվա ասուլիսի պատճառը, սակայն, Դաշնակցության ներկայացրած ծրագիրն էր՝ արտագաղթի դեմ պայքարի վերաբերյալ: Ծրագիրը կոչվում է «Մենք ապրելու ենք մեր երկրում», բաղկացած է 11 հիմնադրույթներից, օրինակ, տարանջատել բիզնեսն ու քաղաքականությունը, ստեղծել նոր աշխատատեղեր, հարկային և մաքսային քաղաքականությունը դարձնել կանխատեսելի, վերացնել անպատժելիուիթյունը, ներդնել առողջապահության պարտադիր ապահովագրություն, ապահովել որակյալ կրթություն և այլն:

Արմեն Ռուստամյանից բացի ասուլիսին ներկա էր խորհրդարանի ՀՅԴ խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը։ Դաշնակցական գործիչները ընդգծեցին՝ ծրագրի իրականացման համար կարևոր նախապայման է հասարակության բոլոր ուժերի համագործակցությունը:

«Ընդ որում այստեղ մենք պատկերացնում ենք, որ համագործակցությունը կարող է լինել թե ընդդիմադիր դաշտում, թե իշխանության մեջ եղած ուժերի հետ։ Եթե մենք նպատակ ենք դնում, որ երկրի կառավարման համակարգի արդյունավետությունը պետք է բարձրացնենք և վերահսկողական լծակները պետք է տալ ընդդիմությանը, դա ինքնին համագործակցություն է»,- ասաց Մինասյանը։

Հարցին, թե հավատո՞ւմ են, որ իշխանությունները կամովին վերահսկողական գործառույթները կտան ընդդիմությանը և կիրականացնեն այն բոլոր կետերը, որոնք նշված են ծրագրում, Արմեն Ռուստամյանը պատասխանեց.- «Ես երկու բանի եմ հավատում։ Հավատում եմ նրան, որ եթե մենք՝ քաղաքացիական հասարակությունը այս խնդիրների շուրջ համախմբվի, իշխանությունները ստիպված են անելու այն, ինչ որ այդ համախմբումը պահանջում է։ Երկրորդ՝ իրավիճակը այնպիսին է, որ իշխանություններն էլ լավ հասկանում են, որ իրենց վարած քաղաքականությունը եթե այսպես շարունակվի, իսկապես երկիրը արյունաքամ է լինում»։