Հարությունյանն ընդունում է, որ խախտել է երթևեկության կանոնները

Your browser doesn’t support HTML5

Մերձմոսկովյան Պոդոլսկ քաղաքի մոտ ողբերգական ավտովթարի գործով կալանավորված Հրաչյա Հարությունյանի աները՝ Վիկտոր Մարտիրոսյանը, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում տեղեկացրեց, որ Հարությունյանն ընդունել է մեղքը միայն ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելու մասով:

Հրաչյա Հարությունյանը պնդել է, որ չէր կարող նախապես տեղյակ լինել մեքենայի արգելակների անսարքության մասին, իսկ հոծ գիծը խախտել է՝ փորձելով խուսափել մեծ վթարից, մինչդեռ հանդիպակաց դուրս է եկել ավտոբուսը:

«Այդ մեքենան անծանոթ է եղել իրեն», - շարունակեց Մարտիրոսյանը՝ հավելելով, որ Հարությունյանի գործատուն հանձնարարել է ինչ-որ գյուղից վերցնել խճաքարով բեռնված մեքենան ու բեռնաթափել մեկ այլ վայրում: Հարությունյանը, ըստ «Ազատություն» ռադիոկայանի զրուցակցի, ստուգել է արգելակները և գտել, որ դրանք սարքին են, սակայն մոտ 10 կիլոմետր անցնելուց հետո, արդեն դեպի Պոդոլսկ տանող զառիվար ճանապարհին զգացել է, որ արգելակները չեն աշխատում:

8 մարդու կյանք խլած միջադեպից հետո Հրաչյա Հարությունյանին դատարան էին բերել նվաստացուցիչ վիճակով՝ կանացի խալաթով: Հարազատների փոխանցմամբ, 46-ամյա Հրաչյան հիմա համեմատաբար լավ հոգեվիճակում է:

Ընտանիքը հույս ունի, որ դատավճռից հետո նա Հայաստան կտեղափոխվի:

Հարությունյաններն այսօր որդու գերեզմանին էին այցելել․ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի ֆինանսավորմամբ արդեն տեղադրվել է հուշաքարը:

«Ինքը գնացել է, որ երկու կոպեկ փող աշխատի, բերի էս երեխու գերեզմանը սարքի: Իր համար դժբախտություն էր դա, որ չկարողացավ այդ 21 տարեկան երեխու գերեզմանը սարքի», - ասաց Մարտիրոսյանը:

Դատավարությունը կմեկնարկի դեկտեմբերին, մինչ այդ Հարությունյանը կմնա կալանքի տակ, քանի որ խափանման միջոցը փոխելու միջնորդությունը ռուս իրավապահները մերժել են: