Հայաստանի ղեկավարները շնորհավորել են Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ

Դմիտրի Մեդվեդևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Կրեմլում, հոկտեմբեր, 2011թ․

Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և վարչապետ Տիգրան Սարգսյանը այսօր շնորհավորել են Ռուսաստանի կառավարության նախագահ, երկրի նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևին ծննդյան օրվա առթիվ:

«Պետական և քաղաքական գործունեության Ձեր հարուստ փորձով, Ռուսաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված հետևողական ջանքերով Դուք խորը հարգանքի եք արժանացել», - Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է, մասնավորապես, Դմիտրի Մեդվեդևին Սերժ Սարգսյանի հղած շնորհավորական ուղերձում: - «Հայաստանում Ձեզ գիտեն որպես հայ - ռուսական դաշնակցային գործընկերության հետագա ամրապնդման վճռական կողմնակցի: Այդ գործընկերությունն անփոփոխ կերպով ընդլայնվում է՝ ի նպաստ մեր երկրների եղբայրական ժողովուրդների, ի շահ տարածաշրջանային կայունության և անվտանգության ամրապնդման»:

«Ակնկալում եմ, որ մեր միջև ձևավորված վստահելի, բարեկամական հարաբերությունները հետագայում ևս կնպաստեն տնտեսական և ներդրումային համատեղ նախագծերի իրականացմանը, կաջակցեն գիտատեխնիկական և մշակութային-հումանիտար ոլորտներում մեր երկրների միջև համագործակցության խորացմանը», - Ռուսաստանի վարչապետին գրել է Հայաստանի նախագահը:

Հայաստանի կառավարության պաշտոնական կայքէջի փոխանցմամբ, վարչապետ Տիգրան Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ռուսաստանցի գործընկերոջ հետ՝ շնորհավորելով նրան և շնորհակալություն հայտնելով «այն ավանդի համար, որը Ռուսաստանի կառավարության ղեկավարը մշտապես ներդնում է մեր երկու ազգերի միջև համագործակցության հետևողական ընդլայնման գործում»: Զրուցակիցները բարձր են գնահատել երկկողմ գործակցության մակարդակը և պատրաստակամություն հայտնել հետագայում ևս ջանքեր գործադրել հայ - ռուսական հարաբերությունների զարգացման և խորացման համար:

Դմիտրի Մեդվեդեևը այսօր դարձավ 48 տարեկան: