Սեպտեմբերի 13-ի մամուլ

«Հրապարակ»-ի խմբագիրը գրում է․ - «Բավական էր մի անորոշ հայտարարություն հնչեր Մաքսային միությանն անդամագրվելու մասին, և ամեն ինչ սկսեց կայծակնային արագությամբ փոխվել: Տարբեր եվրոպական կառույցներից և եվրոպական երկրների դեսպանատներից հայտարարություններ հնչեցին՝ իշխանությունների վարքը դատապարտող, ինչպես երեկ ակտիվիստների նկատմամբ ճնշումներ գործադրելու մասին ԱՄՆ դեսպանատան հայտարարությունն էր: Սկսեց փոխվել պետական ու պետականամետ լրատվամիջոցների կողմից տարածվող քարոզչությունը, առաջին պլան մղվեցին ռուսաստանյան նորությունները, Վլադիմիր Պուտինի հանդիպումների ու քայլերի մասին տեղեկատվությունը սկսեց գերազանցել անգամ մեր տեղական լուրերին: Սկսեցին աջ ու ձախից հնչել «ուռա, ընկերներ», «սովետն ամենալավ երկիրն էր», «մեր փրկությունը ռուսների կողքին լինելն է» տիպի հայտարարություններ: Ընդ որում, վերջին տարիներին մի քիչ նվազած ռուսամետությունը միանգամից գլուխ բարձրացրեց»: «Ամբողջ ցավն այն է, որ այս գաղափարը կրողները մոռանում են․ 1․ Ռուսաստանն առաջվանը չէ, և այն պետք չէ շփոթել Սովետական Միության հետ: 2․ Աշխարհն առաջվանը չէ և ոչ ոքի թույլ չի տա, որ «չարիքի կայսրությունը» վերականգնվի՝ դա կլինի նախկինի ծաղրապատկերը․ շատ ավելի թույլ ու խեղճ, բայց գրեթե նույն ամբիցիաներով ու վնասարարությամբ: Եվ վերջապես 3․ անկախություն տեսած ու ազատ ապրած սերնդին հնարավոր չէ նորից գաղութացնել», - ընդգծում է խմբագիրը:

«Ժամանակ»-ը Հայաստանի նոր գլխավոր դատախազի հնարավոր թեկնածությունը փորձում է քննել արտաքին քաղաքական նոր իրողությունների համատեքստում: Թերթը գրում է․ - «Նոր գլխավոր դատախազի հարցում ամենայն հավանականությամբ մեծ նշանակություն կունենան նաև արտաքին զարգացումները, մասնավորապես Մաքսային միությանն անդամակցելու մասին հայտարարությունները և ստեղծված նոր իրավիճակը: Սերժ Սարգսյանը այդ հայտարարությունից հետո ներքին կյանքում մի քանի բավական ագրեսիվ որոշումներ է կայացրել, որոնք սակայն ոչ միանշանակ տպավորություն են թողնում: Մի կողմից՝ նա փորձել է ցույց տալ, որ իրեն բավական վստահ է զգում, մյուս կողմից, սակայն, այս որոշումից հետո չի բացառվում, որ գլխավոր դատախազի առանցքային պաշտոնի հավակնորդը որոշվի Մոսկվայում և Սերժ Սարգսյանին Մաքսային միության հետ մեկտեղ պարտադրվի այնպիսի գլխավոր դատախազ, որը Ռուսաստանի ձեռքին մահակ կլինի Սարգսյանի գլխին՝ վստահիր, բայց ստուգիր ռուսական ասացվածքի շրջանակներում»:

«Առավոտ»-ի հետ զրույցում ՍԴՀԿ-ի նախկին անդամ Գուրգեն Եղիազարյանը, մեկնաբանելով Եվրամիության ընդլայնման և հարևանության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի կոշտ հայտարարությունները, նշում է․ - «Հայաստանի հետ այդ խաղերը, տաղերը այդպես չէր կարելի վարվել: Իրենք այսօր դեռ մեղմ են արտահայտվում, քանի որ իրենք են սխալվել, իրենց սխալը պիտի լղոզեն: Վաղը-մյուս օրը որ տեսնեն, թե ոնց են խաբվել, ամեն ինչ հիշելու են: Հիշելու են նաև մեր ընտրությունները, իրենց Պրեսկոտին: Դեռ հույս ունեն, որ հետ կպտտվի ամեն ինչ, բայց որ տեսնեն՝ հետդարձ չկա, տեսեք՝ ինչեր են անելու: Ասոցացման պայմանագրով մենք ոչ մի բանի չենք հասնելու, քանի որ այն դիվիդենդները, որ պիտի շահեինք, չենք շահելու: Մաքսային միությանը անդամակցելով՝ բնականաբար, մեզ համար Եվրոպայի հետ տնտեսական հարաբերությունների դուռը փակվեց: Մնացածը դեկլարատիվ բաներ են»: Թերթի դիտարկմանն ի պատասխան, թե Ֆյուլեի Հայաստան այցից ինչ կարելի է ակնկալել, Եղիազարյանը հեգնում է․ - «Թող հոկեյի դարպասապահի գլխարկ հագնեն, ամրանան, որ դիմակայեն հարվածներին»:

«Հայոց աշխարհ»-ը գրում է․ - «Վերջին մեկ-երկու օրերին Մաքսային միության դեմ կատաղի պայքարող հայրենի արևմտամետների եռանդը մի տեսակ մարել է։ Թեև շարունակում են զարմացնել համաքաղաքացիներին ինտելեկտուալ ահռելի բովանդակությամբ դատողություններով։ Այդտեղ հանդիպող մտքերը հիմնականում երկու տեսակի են. պարզապես հզոր ու ամեն տեսակի տրամաբանությունը գրողի ծոցն ուղարկող։ Ամենից շատ ապշեցնում է, որ արևմտամետ ընդդիմությունը բացարձակապես չի լսում ընդդիմախոսների փաստարկները, խորամուխ չի լինում դրանց էության մեջ, այլ ընդամենը մեխանիկորեն կրկնում է անգիր արածը»:

«Հայկական ժամանակ»-ը գրում է․ - «Ըստ ՀՀ Արտաքին գործերի նախարարության վարած վիճակագրության, Սերժ Սարգսյանը 2008 թվականին ՀՀ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո աշխատանքային և պաշտոնական 32 այց է կատարել ՌԴ մայրաքաղաք Մոսկվա: Եթե գումարենք այդ ընթացքում նրա կատարած բոլոր այցերը եվրոպական երկրներ, ԱՄՆ, Չինաստան և հարևան Վրաստան ու Իրան, ապա դա չի կազմի նրա Մոսկվա կատարած այցերի նույնիսկ կեսը: Ակնհայտ է, որ իր պաշտոնավարման 5․5 տարիների ընթացքում Սերժ Սարգսյանը Մոսկվա մեկնել է՝ կարծես աշխատանքի: Երևի այդ հաճախականությամբ նույնիսկ Ռուսաստանի գուբերնատորները չեն լինում Ռուսաստանի մայրաքաղաքում»: