Կենտրոնական բանկերի նախագահները Երևանում

Դրամի արձանը Հայաստանի կենտրոնական բանկի շենքի դիմաց

Դրամի 20-ամյա հոբելյանին նվիրված միջոցառումների շրջանակներում Հայաստանում անցկացվում է Կենտրոնական Ասիայի, Սևծովյան տարածաշրջանի և Բալկանյան երկրների կենտրոնական/ազգային բանկերի կառավարիչների ակումբի 30-րդ հանդիպումը:

Այսօր ընդունելով ակումբի ներկայացուցիչներին՝ նախագահ Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է․ - «Ակումբի շարունակական և համակարգված աշխատանքը կարող է մեծ ներդրում ունենալ մեր երկրների ֆինանսական կայունության և տնտեսական զարգացման գործում»:

Նախագահի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ Սերժ Սարգսյանը ԿԲ նախագահների հետ խոսել է Հայաստանի ֆինանսական, բանկային համակարգի և, ընդհանուր առմամբ, տնտեսության մասին, հետաքրքրվել ակումբի անդամ երկրների ֆինանսաբանկային համակարգերի ներկայիս վիճակով, համաշխարհային տնտեսության արդի մարտահրավերների ու դրանց հաղթահարման վերաբերյալ հանդիպման մասնակիցների մասնագիտական կարծիքներով: