Գործարար պատգամավորներն ընտրում են Մաքսային միությունը

Your browser doesn’t support HTML5

Գործարար պատգամավորների համար ռուսական շուկան անփոխարինելի է

Գործարար պատգամավորները իրենց գործունեությունը առանց ռուսական շուկայի չեն պատկերացնում, հետևաբար ճիշտ են համարում Մաքսային միությանը միանալու Հայաստանի որոշումը։

Խմիչքներ և պահածոներ արտադրող «ՄԱՊ» ընկերության գործադիր տնօրեն և խորհրդի նախագահ, հանրապետական պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ ռուսական շուկայում իրենց արդեն ճանաչում են, իսկ եվրոպական շուկա մուտք գործելու, այնտեղի սպառողին իրենց արտադրանքը ներկայացնելու համար իրենց տասնյակ տարիներ և միլիոնների ներդրումներ են պետք։ Հետևաբար գործարար պատգամավորը պնդում է՝ առանց ռուսական շուկայի իրենց բիզնեսը չի կարող գոյատևել։

«Միայն ես չէ, ամբողջ Հայաստանը իր բիզնեսների 90 տոկոսը արտահանում է Ռուսաստան։ Մենք արտահանում ենք Ամերիկա էլ, Եվրոպա էլ, Ռուսաստան էլ, Ուկրանիա էլ, բայց էդ բոլորն իրար հետ Ռուսաստանի 10 տոկոսը չարժե, 90 տոկոս [Ռուսաստան է արտահանվում]։ Արտադրանքի, ասենք, 50 տոկոսը Եվրոպայում վաճառելու համար ես պիտի ապրեմ մոտավորապես 200 տարի, էդ 200 տարվա մեջ չգիտեմ քանի 100 միլիոն դոլարի ներդրում պիտի անենք, որը չունենք։ Երկրորդը՝ մենք նախ պետք է կարողանանք եվրոպացիքին բացատրենք, թե Հայաստանը որտեղ է, որը կտևի մոտ 50 տարի, հետո էլ մի 50 տարի պիտի ասենք՝ հլը փորձեք մեր արտադրանքը, երևի համով է, մի 50 տարի փորձելուց հետո կարող է ասի՝ համով չէ»,- ասաց Պետրոսյանը՝ շարունակելով.- «Տնտեսությունը նենց բան է՝ եթե դու 15 օրով էլ հետ ես ընկնում շուկայից... դու մարդ ես պահում, ամիսը վերջացավ, պիտի աշխատավարձ ստանա, ես կարո՞ղ եմ մարդկանց ասել՝ սպասեք, մի 15 տարի հետո Եվրոպան մեր ապրանքը կառնի, ես ձեր աշխատավարձը կտամ։ Եթե ռուսական շուկան չլինի, ընդհանրապես չի կարելի մտածել արտադրության մասին, որովհետև դու եվրոպական շուկայում վաճառելով կարող ես ընդամենը գործարանի մի պահակ պահես, որ եղածը չգողանան»։

«Եվրոպական շատ արժեքներ կան, որ մենք պիտի ներմուծենք, եվրոպական շատ լավ տեխնոլոգիաներ կան, բայց դրա համար ժամանակ է պետք։ Մենք ռուսական շուկայում արդեն 90 տարի ենք, երբ որ Ռուսաստանում 250 ազգ է ապրում, էդ 250 ազգն էլ մեր ապրանքը գիտեն»,- ասաց գործարար պատգամավորը։

Հանրապետական մեկ այլ երիտասարդ պատգամավոր Արման Սահակյանը, ով մի շարք բիզնեսների, նաև խմիչքների և հրուշակեղենի ներկրմամբ զբաղվող «Սովրանո» ընկերության հիմնադիրն է, «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, թե Մաքսային միությանը միանալու որոշումը Հայաստանի տնտեսության համար միակ ճիշտ լուծումն էր։

Ինչ վերաբերում է եվրոպական կես միլիարդանոց որակյալ շուկային, որտեղ Հայաստանը կարող էր անարգել մուտք ունենալ, եթե ստորագրվեր Եվրամիության հետ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը, ապա 35-ամյա պատգամավորի համոզմամբ՝ դա ավելի շատ կենաց հիշեցնում։ Ըստ նրա՝ շատ լավ կլինի, որ Հայաստանը իր արտադրանքը վաճառի Անգլիայում կամ Ֆրանսիայում, բայց դա իրականում հնարավոր չէ անել։

«Ոնց որ կենաց լինի, էլի... Եվրոպական շուկա, ցավոք, Հայաստանը ապրանք չունի, որ կարողանա վաճառել։ Մեզ համար ավելի տրադիցիոն և ավելի հասկանալի է ռուսական և ԱՊՀ մյուս շուկաները։ Նրանք կայացած շուկաներ են և ավելի մրցակցային և ավելի ուժեղ, և ցավոք, Եվրոպայում մենք չենք կարող այնպիսի որակով և հզոր ապրանք արտադրենք, որ ֆրանսիական կամ անգլիական ցանցերում վաճառվի։ Մեր կոնյակի սեփականատերը՝ «Պեռնո Ռիկարը», ֆրանսիական ընկերություն է, և եվրոպական ոչ մի խանութում էս 20 տարվա մեջ մեր կոնյակը չկա։ Նախկինում լինելով մեծ առևտրային ընկերությունների տեր՝ ես չեմ պատկերացնում, որ Շվեդիայում կամ Ավստրիայում պետք է ծախվի հայկական ջուր, կամ մեղր, կամ ծիրան։ Շատ ավելի հեշտ է այդ ապրանքները վաճառել Ռուսաստանում, Բելառուսում, Ուկրաինայում», - ասաց Սահակյանը։

Օլիգարխ պատգամավորները նույնպես չեն թաքցնում, որ իրենց ձեռնտու է անարգել մուտք ունենալ ռուսական շուկա։ Հայտնի գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը Մաքսային միության և ԵՄ Ասոցացման համաձայնագրի մանրամասներին մեջ չխորացավ, բայց անկեղծացավ. - «Ռուսական շուկան, որովհետև մեր խմիչքը, մեր ամեն ինչը էնտեղ է վաճառվում»։

Մաքսային միության կողմնակից է նաև բնապահպանության հանրապետական նախարար Արամ Հարությունյանը։ Նա հրաժարվեց պարզաբանել, թե ինչու է Հայաստանի տնտեսության համար ձեռնտու այս միությունը, միաժամանակ չթաքցրեց, որ օրինակ, իր բիզնեսը եվրոպական շուկայի հետ առնչություն չունի։

Նկատենք, որ եթե իշխող Հանրապետականի, ինչպես նաև «Բարգավաճ Հայաստանի» գործարար շրջանակներ գովերգում են ռուսական շուկայի առավելությունները՝ ճիշտ համարելով Մաքսային միությանը միանալու որոշումը, ապա Եվրամիության պատվերով իրականացված Տնտեսական և սոցիալական հետազոտությունների անկախ կենտրոնի ուսումնասիրությունները ցույց են տալիս այն առավելությունները, որոնք կունենար Հայաստանը ԵՄ Խորը և համապարփակ ազատ առևտրի պայմանագիրը ստորագրելու դեպքում։ Տնտեսական և սոցիալական հետազոտությունների անկախ կենտրոնը նշում է, որ ԵՄ-ի հետ այդ համաձայնագրի ստորագրման դեպքում Հայաստանը տարեկան շուրջ 146 միլիոն եվրոյի օգուտ է ունենալու, Հայաստանի ներքին համախառն արդյունքը ավելանալու է 2.3 տոկոսով, արտահանումը՝ ավելի քան 15 տոկոսով, ներմուծումը՝ մոտ 8 տոկոսով։ Ըստ կենտրոնի հաշվարկների՝ ԵՄ-ի հետ այս համաձայնագրի ստորագրման դեպքում աշխատավարձերը Հայաստանում կավելանան 2.6 տոկոսով, իսկ ապրանքների գները կնվազեն, որի արդյունքում բնակչության եկամուտները շոշափելիորեն կավելանան։