Տիգրան Առաքելյանը վրդովվեց և վիճաբանեց դատարանի հետ

Մի խումբ ցուցարարներ պահանջում են ազատ արձակել Տիգրան Առաքելյանին, արխիվ

Տիգրան Առաքելյանի և Հայ ազգային կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների գործով դատական նիստը այսօր թեժ ընթացք ստացավ. 6 տարվա ազատազրկման դատապարտված և արդեն երկու տարուց ավելի կալանավայրում գտնվող Առաքելյանը վիճաբանեց դատարանի հետ՝ դատական նիստը բնորոշելով «թատրոն»։

Նա ի սկզբանե խիստ վրդովված էր և անընդհատ հայտարարում էր, թե ինչո՞ւ են որոշ մարդասպաններ գործը դատարան չհասած երեք ամսից ազատ արձակվում, իսկ ինքը ինչ-որ ոստիկանի քիթ կոտրելու մեղադրանքով, ով այլևս ոստիկան էլ չէ, և նրա տեղն այսօր ոչ ոք չգիտե, տարիներով մնում է բանտում։ Ակտիվիստի վրդովմունքի առիթը Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդուն և թիկնապահին ազատ արձակելն ու վերջիններիս նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելն էր. Նրանք հունիսի սկզբին կալանավորվել էին սպանության, առղջությանը դիտավորությամբ ծանր վնաս հասցնելու և ապօրինի զենք զինամթերք կրելու մեղադրանքներով։

«Մարդասպաններին դուրս եք թողնում, նույնիսկ չեք թողնում դատարան գա գործը, իսկ իմ նման մարդուն, ով անզեն պայքարում է զինված մարդասպանի դեմ, կալանքի տակ եք պահում»,- բացականչեց Առաքելյանը, ինչին հաջորդեցին դատական նիստի մասնակիցների՝ «արդարություն» կոչերը։

Չնայած Առաքելյանի փաստարկներին, Վերաքննիչ դատարանն անցնելով խորհրդակցական սենյակ, երկուսուկես ժամ քննարկելուց հետո հրաժարվեց փոխել Տիգրան Առաքելյանի խափանման միջոցն ու ազատ արձակել խուլիգանության ու ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնություն գործադրելու մեղադրանքներով անազատության մեջ գտնվող ակտիվիստին։ Դատարանի հիմնավորումն այն էր, որ ոստիկանի նկատմամբ վտանգավոր բռնությունը համարվում է «ծանր հանցագործություն», նախատեսում է խիստ պատիժ, ուստի մեծ է հավանականությունը, որ ազատության մեջ մնալով Տիգրան Առաքելյանը կթաքնվի քննությունից, կամ կխոչընդոտի դատարանի աշխատանքին։

Դատարանն անտեսեց նաև Ազգային Ժողովի ոչ իշխանական չորս խմբակցությունների դիմումը, որով Հայ ազգային Կոնգրեսը, «Բարգավաճ Հայաստանը», «Ժառանգությունն» ու Հայ հեղափոխական դաշնակցությունը երաշխավորել էին Տիգրան Առաքելյանի համար։ Դիմումում խորհրդարանական ուժերը վկայակոչել էին Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի անցած տարվա հոկտեմբերին ընդունված բանաձևը, որտեղ Վեհաժողովը, սահմանելով քաղբանտարկյալի չափանիշները, Եվրախորհրդի անդամ երկրների իշխանություններին կոչ էր արել վերանայել այդ չափանիշներին համապատասխանող կալանավորների գործերը։ Հաշվի առնելով Տիգրան Առաքելյանի գործի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամերտի 2012 թվականի զեկույցում տեղ գտած անդրադարձն ու Եվրախորհրդի նախարարների կոմիտեում շրջանառվող փաստաթղթերը՝ ԱԺ ոչ իշխանական ուժերը դատարանին կոչ էին արել զերծ մնալ Հայաստանի միջազգային հեղինակությանը վնասելուց։ Դատարանն իր որոշման մեջ չանդրադարձավ այս կոչին։

«Քրեական գործերը Հայաստանի Հանրապետությունում, եթե ունեն հնչեղություն և պահանջվում է քաղաքական հետապնդում իրականացնել, ունենում են «քավոր», ով հովանավորում է այն, ինչ որ հիմա մենք տեսնում ենք դատարանում, հարգելի դատարան։ Ես ձեզանից չեմ նեղանում, դուք իրականում չեք էլ կարող այլ որոշում կայացնել»,- հայտարարեց Առաքելյանը,- «Ներկայացնում եմ փաստեր, կամ հենց հիմա պատժի սխալ պատվեր կատարելու համար, կամ թող ինձ ազատ արձակի, ես այլևս չեմ մնալու։ Այնպես մի արեք՝ ես փոխեմ իմ խափանման միջոցը, դուք ինձ անհիմն պահում եք կալանքի տակ։ Ես փաստեր եմ բերում, եթե որևէ փաստի դատարանը կունենա ողջամիտ պատասխան, ես քրեական գործն իմ վրա կվերցնեմ, կգնամ, կնստեմ, որևէ խնդիր չկա։ Դատապարտվել եմ ոստիկանական աշխատակիցների հակասական ցուցմունքների և քաղաքացիական անձանց ակնհայտ սուտ ցուցմունքների վրա. տաքսու վարորդ, ով իր մեքենայի գույնը, համարանիշերը չգիտի, ոստիկանական բաժանմունքի տեղը չգիտի..., փաստ է նաև, որ վկային բռնությամբ բերեցին դատարան»,- սկսեց թվարկել Տիգրան Առաքելյանը։

«Արդարադատությունը մի քանի փուլով է՝ մինչև դատարան հասնելը հետաքննություն կա, քննիչ կա, դատախազ կա վերահսկող։ Ո՞ւր էր դատախազն այդ ժամանակ, տվյալները կեղծելուց ո՞ւմ հետ էր համաձայնեցնում, կեղծիքի մասնագետ է նա, այս գործն ապացուցում է դա։ Եթե մեկը պիտի կալանավորվի, այստեղ նստած դատախազն է, հարգելի դատարան»,- հայտարարեց ակտիվիստը։

Դատախազ Հակոբ Մարտիրոսյանը, վկայակոչելով Առաքելյանի՝ «այնպես մի արեք, ես փոխեմ իմ խափանման միջոցը», հայտարարեց, որ դա նրան կալանքի տակ պահելու «նոր հանգամանք է»։

Առաքելյանի խափանման միջոցը չփոխելու՝ դատարանի որոշումը վրդովեցրեց նաև նիստի մասնակիցներին։

«Ես համարում եմ, որ սա իշխանությունների հերթական փորձն է՝ ճնշում գործադրել ընդդիմախոսների վրա, դեմորալիզացնել ընդդիմությանը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց ՀԱԿ ներկայացուցիչ Վլադիմիր Կարապետյանը՝ «խոցելի» որակելով դատարանի հիմնավորումները։

Դատական նիստը կշարունակվի սեպտեմբերի 18-ին։