ԹԻ-ն Հերմինե Նաղդալյանի հարցով դիմել է էթիկայի հանձնաժողովներին

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ» (ԹԻ) հակակոռուպցիոն կենտրոնը դիմել է Հայաստանի Ազգային ժողովի և Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովներին՝ խնդրելով քննության առնել օրինաստեղծ գործունեությունը ձեռնարկատիրական գործունեությանը զուգակցելու պարագայում Ազգային ժողովի փոխնախագահ Հերմինե Նաղդալյանի կողմից պատգամավորի էթիկայի կանոնները խախտելու հարցը, ինչպես նաև տրամադրել տեղեկատվություն Նաղդալյանի հայտարարագրած գույքի և եկամուտների ու դրանց աղբյուրների վերլուծության և լրատվամիջոցներում շրջանառվող տեղեկությունների հետ համադրման վերաբերյալ:

Միաժամանակ, կենտրոնը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովից հայցել է հանձնաժողովի պաշտոնական դիրքորոշումը բարձրաստիճան պաշտոնատար անձանց կողմից ձեռնարկատիրական գործունեության մեջ ներգրավվածության և հանրային գնումների գործընթացներին նրանց ընկերությունների մասնակցության վերաբերյալ:

«Թրանսփարենսի ինթերնեյշնլ»-ի հաղորդագրության համաձայն՝ էթիկայի հանձնաժողովներին դիմելու հիմք է հանդիսացել «Հետք» ինտերնետային լրատվամիջոցի օգոստոսի 29-ի համարում հրապարակված «Նաղդալյանին պատկանող ընկերության հետ 409 մլն դրամի պետական գնման պայմանագիր է կնքվել» վերտառությամբ նյութը:

Կենտրոնը գտնում է, որ խորհրդարանի փոխնախագահի մասնակցությամբ ընկերության կողմից առանց մրցույթի պետական գնումների պայմանագիր կնքելը հանրության մոտ հիմնավոր կասկածներ է առաջացնում պաշտոնի հեղինակությունը չարաշահելու մասին: