ԱԺ ոչ իշխանական խմբակցությունները երաշխավորեցին Առաքելյանի համար

Տիգրան Առաքելյանի և Հայ ազգային կոնգրեսի մյուս երեք ակտիվիստների գործով դատական նիստը այսօր բավական թեժ ընթացք ստացավ. Առաքելյանը վիճաբանեց դատարանի հետ, որոշակի վիճաբանություն տեղի ունեցավ նաև մեղադրող Հակոբ Մարտիրոսյանի հետ։

Պատճառն այն էր, որ Առաքելյանի պաշտպանական կողմը այսօր կրկին միջնորդեց դատարանին փոխել նրա խափանման միջոցը և նրան ազատ արձակել՝ հիմնավորելով, որ խուլիգանության և ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքներով վեց տարվա ազատազրկման դատապարտված ՀԱԿ ակտիվիստը անհիմն մեղադրանքով է արդեն երկու տարուց ավելի գտնվում կալանավայրում, և նրա դեմ հարուցված քրեական գործը շինծու է։

Պաշտպանական կողմը որպես միջնորդությանը կից փաստաթուղթ ներկայացրեց ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների՝ «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի, Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» միջնորդությունը, որով այս խմբակցությունները կոչ էին անում, հաշվի առնելով միջազգային փաստաթղթերում այս գործերին տված գնահատականները, ազատ արձակել Տիգրան Առաքելյանին։ Այս խմբակցությունները նաև երաշխավորում էին, որ նա չի թաքնվի նախաքննությունից և պատշաճ կերպով կնպաստի նախաքննության իրականացմանը։

Առաքելյանը ևս միացավ այս միջնորդությանը, մասնավորապես, վկայակոչելով վերջին օրերին Սուրիկ Խաչատրյանի որդու «նախադեպը»։ Նա հայտարարեց.- «Եթե բաց են թողնում մարդասպաններին, դեռ գործը դատարան չհասած, ապա ես և մեր նմաններ, որ ովքեր անզեն պայքարում են զինված մարդասպանների դեմ, իրավունք չունենք որևիցե օր անցկացնել կալանավայրում, որովհետև սա արդեն խտրականություն է, և դատարանը պետք է ուշադրություն դարձնի այս հանգամանքի վրա»։

Դատարանը պահանջեց անցնել բուն միջնորդությանը, Առաքելյանը վրդովվեց, որ իրեն չեն թողնում խոսել և հայտարարեց, որ եթե դատարանը չփոխի, ապա «ինքը կփոխի իր խափանման միջոցը»։

Իսկ դատախազ Հակոբ Մարտիրոսյանի հետ վիճաբանությունը ծագեց այն բանից հետո, երբ դատախազը, առարկելով խափանման միջոցը փոխելու միջնորդությանը, նաև հայտարարեց, որ առկա է մեկ նոր հանգամանք Առաքելյանին անազատության մեջ պահելու համար, դա նրա՝ «եթե դուք չփոխեք, ես կփոխեմ իմ խափանման միջոցը» հայտարարությունն էր։

Այս պահին դատարանը խորհրդակցական սենյակում է, քննարկում է միջնորդությունը։