Հայաստանի որոշումը «զարմացրեց աշխարհին ու հատկապես Եվրոպային»

Հայաստանում Իտալիայի դեսպան Բրունո Սկապինի

Այդուհանդերձ, Իտալիայի դեսպանը կարծում է, որ հայկական դիվանագիտությունը «այս իրավիճակում էլ հաջողակ կլինի»:
Մաքսային միությանը միանալու մասին պաշտոնական Երևանի որոշումը «զարմացրեց ողջ աշխարհին ու հատկապես Եվրոպային, որովհետև այն անսպասելի էր»։ Այդ մասին ասաց Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Բրունո Սկապինին՝ այսօր պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի հարցին:

Միաժամանակ, ըստ դեսպանի, «նշաններ կան Հայաստանի կառավարության կողմից՝ շարունակելու, քննարկելու այս նոր մոտեցումը, տեսնելու՝ ինչ նոր տարածք կա հիմա երկու նախաձեռնությունները համաձայնեցնելու համար, որպեսզի Եվրոպայի հետ ինտեգրացիայի գործընթացը ամբողջովին չդադարի»։

Հարցին, թե, փաստորեն, նաև հնարավոր է չդադարեցնե՞լ դեպի Եվրամիության հետ ասոցացում տանող գործընթացը, Հայաստանում Իտալիայի դեսպանը պատասխանեց. - «Իհարկե, ես շատ կցանկանայի, որ գործընթացը չդադարեցվեր։ Ես կարծում եմ, որ Հայաստանը միշտ պահպանել է հավասարակշռված մոտեցում, այլ կերպ ասած՝ հայկական դիվանագիտությունը մինչև այսօր հմտորեն կարողացել է մի ոտքը պահել Եվրոպայում, մյուսը՝ Ասիայում։ Կարծում եմ, որ հայկական դիվանագիտության այս մոտեցումը այս իրավիճակում էլ հաջողակ կլինի»։

«Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները Բրյուսելում և Երևանում», - ամփոփեց դեսպանը։