«Սարգսյանը փակեց դեպի ԵՄ դուռը, բայց այն դեռ չի կողպվել»

Ռիչարդ Կիրակոսյան, արխիվ

Ռիչարդ Կիրակոսյանի կարծիքով՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը սխալը ուղղելու ժամանակ դեռ կա:
Նախագահ Սերժ Սարգսյանը փակեց դեպի Եվրոպական միություն դուռը, բայց այն դեռ չի կողպվել: «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանը՝ մեկնաբանելով Մաքսային միությանը անդամակցելու և Եվրասիական միության ձևավորմանը մասնակցելու Հայաստանի որոշման մասին երկրի նախագահի՝ Նովո Օգարյովոյում արած հայտարարությունը:

Նրա խոսքով՝ մինչև Վիլնյուսի գագաթնաժողովը սխալը ուղղելու ժամանակ դեռ կա, Մոսկվայում ոչ մի փաստաթուղթ չի ստորագրվել, պետք է ուղղակի վերահաստատել Ասոցացման համաձայնագիրը ստորագրելու Հայաստանի պատրաստակամությունը։

«Սա ռազմավարական սխալ էր և կարևոր կորսված հնարավորություն, այլ կերպ ասած՝ սա Հայաստանի արտաքին քաղաքականության լուրջ սխալն էր, որը կասկածի տակ է դնում Հայաստանում բարեփոխումների հետագա ընթացքը», - ասաց վերլուծաբանը:

Կիրակոսյանի կարծիքով՝ սա անսպասելի որոշում էր: Այն, ինչ արեց նախագահը, վերջին պահին ընդունված որոշում էր, որը մի քանի տարիների բանակցությունները և բարեփոխումները ուղղակի տապալեց։ Արդյունքում Հայաստանը է՛լ ավելի կախված կդառնա Ռուսաստանից:

Իհարկե, ճնշումներ եղել են, բայց դրանք կային նաև մյուս երկրների հանդեպ, ընդգծեց Կիրակոսյանը․ - «Ակնհայտ է, որ եղել է ճնշում ոչ միայն Հայաստանի, այլև Ուկրաինայի և Մոլդովայի վրա, բայց իմ քննադատությունը վերաբերում է նրան, որ կարծես թե Հայաստանի նախագահը հանձնվել է Ռուսաստանին անգամ առանց փաստարկների»։

«Սա պետականության պակասից է և բացահայտում է, որ հայ - ռուսական հարաբերությունները վնասված են և ոչ հավասարակշռված։ Եվ վերջապես՝ ով է Ռուսաստանը, որ ճնշի Հայաստանին, որը նրա միակ հուսալի դաշնակիցն է տարածաշրջանում», - ամփոփեց վերլուծաբանը: