ՀՅԴ․ «Շրջադարձային և հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում»

Դաշնակցության դրոշը կուսակցության հրավիրած հանրահավաքի ժամանակ, արխիվ

Հայաստանի Մաքսային միությանը միանալու որոշման մասին Մոսկվայում հայտարարվածը որքան շրջադարձային, նույնքան էլ Հայաստանի ապագայի համար հսկայական պատասխանատվություն թելադրող որոշում էր։ Այդ մասին այսօր հայտարարել է ՀՅ Դաշնակցության Հայաստանի գերագույն մարմինը:

«Կարելի էր ենթադրել, որ ինչ-որ հանգրվանում, ելնելով առկա աշխարհաքաղաքական իրավիճակից և զարգացումներից, Հայաստանը միանալու էր իր ռազմավարական գործընկերոջ կողմից նախաձեռնված Մաքսային միությանը և ներգրավվելու էր Եվրասիական տնտեսական միության ձևավորման գործընթացում։ Բայց խնդիրն այն է, որ Հայաստանի Հանրապետության իշխանությունները մինչ այդ անհրաժեշտ տեղեկություն չէին փոխանցել հասարակությանն ու քաղաքական ուժերին։ Ավելին՝ որոշ հայտարարություններով նույնիսկ անհնար էին համարել Հայաստանի անդամակցությունը ընդհանուր սահման չունեցող Մաքսային միությանը, տարիներ շարունակ վարել էին բանակցություններ Եվրամիության ազատ առևտրի գոտուն միանալու ուղղությամբ և հասել ԵՄ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման շեմին», - ընդգծում է Դաշնակցությունը՝ ենթադրելով, որ Սերժ Սարգսյանի «Մոսկվայում անակնկալ որոշման գլխավոր պատճառը ՀՀ և ԼՂՀ անվտանգության խնդիրներն են եղել»․ - «Սա ևս պատասխանատվություն է և այս փուլում՝ ազգային-պետական հիմքերին առնչվող»։

Ընդգծելով, որ նախագահի անակնկալ որոշումը հանրության մոտ բազմաթիվ հարցեր է առաջացրել, Դաշնակցության գերագույն մարմինը շարունակում է․ - «Մեր պարագայում, ցանկացած տնտեսական ինտեգրում պետք է հստակ երաշխիքներ տա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունների անվտանգության պահպանման ու ամրապնդման և տնտեսական համարկման և զարգացման համար։ Մաքսային միությանը մաս կազմելու խնդիրը ևս պետք է պայմանավորել այս հիմնական սկզբունքներով»։

Միաժամանակ, ըստ կուսակցության, «Մաքսային միությանը Հայաստանի միանալու որոշումը չպետք է խոչընդոտ լինի Հայաստանի՝ Եվրոպական ուղղությամբ աշխատանքների շարունակման և ծավալման, հատկապես՝ Եվրամիության հետ մեր երկրի հասարակական-քաղաքական ինտեգրման գործընթացներին»։ «Առավել՝ Մոսկվայում կայացված այդ որոշումը չի կարող օրակարգից հանել երկրի ներսում համակարգային բարեփոխումներ իրականացնելու, համատեղ ուժերով ազգային, ժողովրդավար, արդար պետություն ստեղծելու անհրաժեշտությունը», - ասված է հայտարարությունում:

Դաշնակցությունը Հայաստանի իշխանություններից պահանջում է «երկրի համար նման ճակատագրական որոշումներ կայացնելիս տեղեկացնել հասարակությանն ու որոշման մասնակից դարձնել քաղաքական ուժերին»: «Այժմ, երբ նախատեսվում է սկսել Մաքսային միությանը մաս կազմելու գործընթաց, անհրաժեշտ է հարգել այս գործելաոճը», - ասված է հայտարարությունում, որի տեքստը տեղադրված է կուսակցության բյուրոյի պաշտոնական կայքէջում: