Դմիտրի Հարությունյանի երկամսյա կալանքի որոշումը կբողոքարկվի

Your browser doesn’t support HTML5

Կոմիտաս 5 հասցեում իրականացվող շինարարության կապակցությամբ իր քաղաքացիական դիրքորոշումն արտահայտած 32-ամյա Դմիտրի Հարությունյանն այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների առաջին ատյանի դատարանի որոշմամբ կալանավորվեց երկու ամսով:
Փաստաբանները տեղեկացրին, որ դատարանին առաջարկել են կիրառել աննախադեպ գրավ՝ բնակարան Երևանի կենտրոնում և 30 հազար դոլար, սակայն, դատարանն անընդունելի է համարել գրավը որպես խափանման միջոց ընտրելու առաջարկը:

Քաղաքացիները, ովքեր ժամեր շարունակ բողոքի ակցիա էին իրականացնում դատարանի շենքի մոտ, հայտարարում էին, թե Հայաստանն այս պահին ունի՝ «երկրորդ քաղբանտարկյալը»:

Դմիտրի Հարությունյանի փաստաբանները նրան կալանավորելու որոշումը «անհեթեթություն» են համարում՝ պնդելով, որ որոշումը ստանալուց հետո բողոքարկելու են՝ Հայաստանի ներպետական ատյաններին հնարավորություն ընձեռելով, որ սխալն ուղղեն երկրի ներսում, այլապես այս գործը հասնելու է Եվրոպական դատարան:

Արաբկիրի քննչական բաժնի Հատուկ կարևորության գործերի ավագ քննիչ Վաղարշակ Մկրտչյանը, դատարան ներկայացնելով կալանքի միջնորդություն, գրել է, թե Դմիտրի Հարությունյանը, օգոստոսի 24-ին մասնակցելով Երևան քաղաքի Կոմիտաս և Վաղարշյան փողոցների խաչմերուկում տեղի ունեցած ակցիաներին, «չի ենթարկվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող [..] պարեկապահակային ոստիկանության [..] ավագ Արման Հակոբյանի և ոստիկանության մյուս ծառայողների օրինական պահանջներին, որի ընթացքում կյանքի և առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել Արման Հակոբյանի նկատմամբ, բռունցքով հարվածել է վերջինիս դեմքին և դիմել փախուստի»:

Դմիտրի Հարությունյանը ձերբակալման արձանագրության մեջ գրել է, որ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն չի գործադրել: Նրա պաշտպան Լուսինե Սահակյանը դռնփակ նիստից հետո լրագրողներին ասաց, թե քննիչը փաստերով չի հիմնավորել իր պնդումները:

Քննիչը դատարանին ներկայացրած կալանքի միջնորդության մեջ գրել է, թե սեպտեմբերի 2-ին Դմիտրի Հարությունյանին առաջադրվել է մեղադրանք, սակայն փաստաբանները նշում են, որ քննիչը մեղադրանք չի առաջադրել և ապօրինություն է առանց մեղադրանք առաջադրելու կալանքի միջնորդություն ներկայացնելը:

«Փաստաբանը չի կատարել օրենքով պարտադրվող գործողությունները՝ Դմիտրի Հարությունյանին չի ներկայացրել մեղադրանքը, չի պարզաբանել նրա իրավունքները»,- ասաց փաստաբան Արա Զաքարյանը:

Լուսինե Սահակյանը ներկայացրեց այլ մանրամասներ․ - «Քննիչը, որպեսզի պատճառաբանի իր անօրինականությունները, մի արձանագրություն է կեղծ կազմել, իբրև թե ձերբակալվածների պահման վայրում ես փորձել եմ իր ձեռքից խլել քրեական գործի նյութերը: Իբրև թե նա ներկայացրել է մեզ որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը, առաջադրել է մեղադրանք, մենք, իբրև, հրաժարվել ենք ստորագրել, որի արդյունքում ինքը ստիպված կազմել է այդ արձանագրությունը և հնարավորություն չի ունեցել, որպեսզի հարցաքննի մեր պաշտպանյալին և առաջադրի մեղադրանք»:

Քննիչ Վաղարշակ Մկրտչյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում խուսափեց փաստաբանների պնդումները հաստատելուց կամ հերքելուց:

Դմիտրի Հարությունյանին կալանավորելու միջնորդության քննարկման ընթացքում տասնյակ քաղաքացիներ բողոքի ակցիա էին անցկացնում դատարանի շենքի մոտ՝ պահանջելով դադարեցնել քրեական հետապնդումը քաղաքացու նկատմամբ: