Իվանիշվիլին վերահաստատում է քաղաքականությունը լքելու մտադրությունը

Վրաստան - Վարչապետ Բիձինա Իվանիշվիլին Թբիլիսիում ասուլիսի ժամանակ, հուլիս, 2013թ․

Վրաստանի վարչապետը հայտարարել է, որ դա տեղի կունենա հոկտեմբերի 27-ի նախագահական ընտրություններից հետո:
Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին մտադիր է լքել քաղաքականությունը: Այդ մասին նա հայտարարել է 15-էջանոց բաց նամակում, որտեղ մանրամասն բացատրել է, թե ինչ պատճառով և ինչ նպատակով է մտադիր հրաժարվել կառավարության ղեկավարի և իշխող կոալիցիայի առաջնորդի պաշտոններից և դառնալ, իր խոսքով, հասարակության ակտիվ անդամ:

Քաղաքականությունից հեռանալու կոնկրետ ժամկետներ, սակայն, Իվանիշվիլին չի նշել՝ հայտարարելով, որ դա տեղի կունենա սպասվող նախագահական ընտրություններից հետո, և որ այդ մասին նախօրոք կհայտնի հանրությանը:

«Այն բանից հետո, երբ վստահ լինեմ, որ նախագահական ընտորությունները հաջող են անցել, ես կհայտնեմ հանրությանը իմ որոշումը: Հավատում եմ, որ այդ ընտրությունների հենց առաջին փուլում կհաղթի իշխող կոալիցիայի թեկնածու Գեորգի Մարգվելաշվիլին: Ես կհեռանամ այն ժամանակ, երբ համոզված լինեմ, որ ոչ ոք և ոչինչ չի կարող փոխել մեր ընտրած ուղին, երբ բոլոր պետական մարմիններն ու պաշտոնատար անձինք պատշաճ կերպով կաշխատեն, և երբ վստահ լինեմ, որ երկիրը կայուն է», - իր բաց նամակում հայտարարել է Վրաստանի վարչապետը:

Իվանիշվիլիի խոսքով՝ նոր վարչապետը, ում թեկնածությունն ինքը կառաջարկի սեփական թիմին և հանրությանը, շատ հետաքրքիր անձնավորություն կլինի, ով հաջողությամբ կկատարի իր վրա դրված պարտականությունները:

Իվանիշվիլին նաև երաշխավորում է, որ կառավարությունը կլինի գործունակ, եվրոպական տիպի, չկոռումպացված և երկիրը կտանի ճիշտ ուղղությամբ, իսկ ինքը հանրության հետ կկարողանա գնահատել նրանց աշխատանքը:

Վրաստանի վարչապետը նաև հայտարարել է որ անհրաժեշտության դեպքում կվերադառնա քաղաքականություն, թեև իրադարձությունների նման զարգացումը շատ հավանական չի համարում:

Բիձինա Իվանիշվիլիի այս հայտարարությունը` առաջիկայում քաղաքականությունից հեռանալու վերաբերյալ, արդեն քննադատության է ենթարկել նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության առաջադրած նախագահի թեկնածու Դավիթ Բաքրաձեն:

Բաքրաձեն նշել է, որ վարչապետի այս հայտարարությունը լուրջ ռիսկեր է պարունակում, առաջին հերթին, Վրաստանի տնտեսության համար, քանի որ այս կարգի հայտարարությունները անվստահություն են առաջ բերում վրացի և օտարերկրյա ներդրողների մոտ: