Սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքն իրեն անվտանգ չի զգում

Your browser doesn’t support HTML5

Սպանված Հրաչ Մուրադյանի ընտանիքում «վախ կա»

Պռոշյանի սպանված գյուղապետ Հրաչ Մուրադյանի հարազատներն ու տասնյակ պռոշյանցիներ երկուշաբթի հավաքվել էին ոստիկանության շենքի դիմաց՝ Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանից պարզաբանումներ ակնկալելով գյուղապետի սպանության գործի վերաբերյալ։

Այսօր լրանում է Հրաչ Մուրադյանի առեղծվածային սպանության հինգ ամիսը, բայց ոչ ընտանիքը, ոչ մտերիմները որևէ տեղեկություն չունեն, թե ինչ փուլում է նախաքննությունը և ինչ ընթացք է գործը ստանում։ Մուրադյանի ավագ եղբայրը՝ Զոհրաբ Մուրադյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ քննիչները ոչ այցելել են իրենց, ոչ իրենց են հրավիրել հարցաքննության, և ընտանիքը անորոշության մեջ է։

Հիշեցնենք, դաշնակցական նախկին գյուղապետը սպանվել էր ապրիլի 2-ին գյուղապետարանի շենքի դիմաց, առավոտյան ժամը 9-ի շրջակայքում աշխատավայր մտնելիս։ Որպես կասկածյալ կալանավորված է նույն գյուղի բնակիչ Արայիկ Պետրոսյանը, ով մեղադրվում է սպանության և ապօրինի զենք կրելու մեջ: Բայց սպանվածի հարազատները պնդում են, որ պատվիրատուներն ու հանցավոր շղթան բացահայտված չեն, և մինչև այդ բացահայտումները չլինեն, Հրաչ Մուրադյանի ընտանիքն իրեն չի կարող անվտանգ զգալ։

«Արդեն հինգ ամիս է, ինչքա՞ն կարելի է համբերել, արդեն չենք կարողանում, ի վիճակի չենք, ամեն պռոշյանցու մեջ թշնամի ենք տեսնում, ահավոր վիճակ է, դուք երևի չեք պատկերացնում»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Մուրադյանի եղբոր կինը՝ Լյուսյա Մուրադյանը. -«Լարվածությունն ավելի է խորանում, նույնիսկ երեխեքին չենք ուզում մանկապարտեզ ուղարկենք, վախ կա, ամեն վայրկյան վախ կա, մարդը որ Ղարաբաղի հերոսի պատրաստ է սպանել, նա ամեն ինչի ի վիճակի է։ Սա անպայման պատվիրված բան է, ու վերևներից է, սա մի մարդու գործ չի»։

«Ըմբռնումով մոտենալով, որ շարքային սպանություն չի կատարվել, սպանվել է գյուղապետը իր ծառայողական պարտականությունները կատարելիս՝ իշխանության ներկայացուցչական շենքի առջև, հարցի ամբողջ ծանրությունն ու բարդությունը գիտակցելով, պահանջում ենք շուտափույթ բացահայտում։ Կարծում ենք, որ հինգ ամիսը բավարար ժամկետ է։ Ուզում ենք անձամբ պարոն ոստիկանապետից լսել՝ ի՞նչ է արվել և գործը ի՞նչ հանգրվանում է»,- հայտարարեց սպանված գյուղապետի համախոհներից, Պռոշյանի գյուղապետի նախկին պաշտոնակատար Վովա Սահակյանը։

Այս գործով կալանավորված Արայիկ Պետրոսյանի փաստաբանն էլ իր հերթին պնդում է, որ Պետրոսյանը որևէ առնչություն չունի սպանությանը, որ նրա դեմ որևէ վկայի ցուցմունք չկա, երիտասարդին ոչ միայն անհիմն են պահում կալանավորված, այլ ընդհանրապես նրա ձերբակալությունն է եղել, ըստ փաստաբան Գիվի Հովհաննիսյանի, անհիմն։

«Ապօրինի մեղադրանքի մասին է խոսքը, որևէ ցուցմունք տվող չկա, որ ինքը որևէ առնչություն ունի այդ հանցագործությանը, կալանավորել են, ժամկետը երկարաձգում են»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Գիվի Հովհաննիսյանը։

«Ըստ իրենց ունեցած, այսպես ասած, ապացույցների, իր մարմնի տարբեր մասերի վրա և իր կողմից վարվող մեքենայի միջից անտիմոն է հայտնաբերվել, դա է, իբր ինքը կատարել է սպանություն, նաև որ ինքը վարել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա։ Եթե մեքենա ես վարում, ու մոտիցդ անտիմոն են հայտնաբերում, դա նշանակում է, որ Հրաչ Մուրադյանին ես սպանե՞լ, կոնկրետ ցուցմունք չպե՞տք է լինի, որ «մենք տեսանք, թե ինչպես..»։ Բացի այդ, ինքը վարել է «Նիվա» մակնիշի ավտոմեքենա, որի պետհամարանիշի սկզբում երկու թիվ է, բայց իմ տվյալներով, գործով կան վկաներ, որոնք տեսել են դեպքի վայրի այդ մեքենան, որի պետհամարանիշի սկզբում երեք թիվ է եղել։ Այսինքն՝ պետական կամ ինչ-որ հիմնարկության համարանիշ է եղել, իսկ իմ պաշտպանյալինը սեփական մեքենա է։ Ինչ վերաբերում է անտիմոնին, այն միայն կրակոցի արգասիքների մեջ չի մտնում, նաև տարբեր տեղերից կարող է առաջանալ, օրինակ ակումուլյատորի հետ շփումից, նաև այլ տեղերից», - ասաց փաստաբանը։

Հրաչ Մուրադյանի ընտանիքը դժվարանում է ասել, թե որքանով են իրենց համար արժանահավատ կալանավորվածի անմեղության մասին պնդումները։

«Եթե իր մատը մեջը չէ, հինգ ամիս անմեղ մարդուն կարող են պահե՞լ, պարզ է՝ չէ՞, ուրեմն՝ մատը մեջն է»,- «Ազատություն» ռադիոկայանին ասաց Զոհրաբ Մուրադյանը, ով սպանությունը շարունակում է համարել «քաղաքական»։

ՀՀ ոստիկանության մոտ ակցիայի հենց սկզբում ցուցարարներից չորսին ներս հրավիրեցին։ Տեղեկացանք, որ նրանց ընդունել են Քրեական հետախուզության վարչությունում, վարչության պետը համաձայնել է, որ քննությունը բավական դանդաղ է ընթանում՝ դա բացատրելով գործի բարդությամբ։ Հրաչ Մուրդյանի հարազատներն ու մտերիմներն էլ հայտարարել են, որ եթե այս անորոշ վիճակը շարունակվի, բողոքի ցույցերը հաճախակի են դառնալու։