Վարչապետ. «Հայաստանը թույլ չի տա, որ ուժերի հավասարակշռությունը խախտվի»

Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Լեռնային Ղարաբաղում հայտարարել է, որ վերջին երեք տարիների ընթացքում հայկական զինված ուժերն այնքան սպառազինություն են ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում:

ՀՀ կառավարության կայքէջում հրապարակված հաղորդագրության համաձայն, Տիգրան Սարգսյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Լեռնային Ղարաբաղում, ԼՂ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանի ուղեկցությամբ այցելել է Պաշտպանության բանակի N զորամաս: Կառավարության ղեկավարը շրջել է զորամասով, ծանոթացել զինվորների ծառայության ընթացքին, ստեղծված պայմաններին, ճաշել զինծառայողների հետ: Վարչապետը ՀՀ կառավարության անունից ողջունել և շնորհավորել է բոլոր զինծառայողներին` ԼՂՀ-ի անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ:

Պատասխանելով Ադրբեջանի սպառազինման և այդ համատեքստում հայկական կողմից իրականացվող քայլերի վերաբերյալ զինվորներից մեկի հարցին` Տիգրան Սարգսյանը նշել է, որ ՀՀ կառավարության առաջին կարևորագույն կետը մեր երկրի անվտանգության ապահովումն է:

«Դա նշանակում է ժամանակակից բանակ, ժամանակակից սպառազինություն: Վերջին երեք տարիների ընթացքում այնքան սպառազինություն ենք ձեռք բերել, որքան վերջին 20 տարիների ընթացքում: Այդ տեսակետից, կարող եք հանգիստ լինել, որ մենք երբեք թույլ չենք տալու, որպեսզի ուժերի հավասարակշռությունը խախտվի: Դրա համար էլ մեր զինված ուժերի սպառազինման գործընթացը գտնվում է ՀՀ նախագահի ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:

Միաժամանակ, Տիգրան Սարգսյանը նշել է, որ հայկական ԶՈՒ-ի սպառազինման գործում իրենց լուման ունեն նաև Հայաստանի ռազմավարական գործընկերները:

ՀՀ կառավարության ղեկավարն այսօր երեկոյան մասնակցելու է ԼՂՀ-ի անկախության օրվան նվիրված տոնական միջոցառումներին: